Հայաստանում կներդրվի բուհերի ուսանողներին կրթաթոշակների տրամադրման նոր կարգ. ի՞նչ է նախատեսվում
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նախատեսվում է ներդնել բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին պետական կրթաթոշակների տրամադրման միասնական և թվայնացված կարգ, որը կգործի 2027–2028 ուսումնական տարվանից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել « Պետության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Քննարկումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 6-ը։
Փաստաթղթի հիմնավորման համաձայն՝ գործող համակարգը հիմնականում սահմանափակվում է ուսման վարձի փոխհատուցմամբ և չի ներառում ուսումնառության հետ կապված սոցիալական ծախսերը։ Բացի այդ, աջակցության տարբեր մեխանիզմները կարգավորվում են տարբեր իրավական ակտերով, ինչը վարչարարական բարդություններ է առաջացնում։
Առաջին կուրսի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում
Նախատեսվում է սահմանել 50 հազար դրամի չափով բազային կրթաթոշակային միավոր։
Պետական բուհերի առաջին կուրս առաջին անգամ ընդունված ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև փախստականներին և արտակարգ իրավիճակներում հայտնված երկրներից տեղափոխված օտարերկրացիներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի 100% փոխհատուցում։
Փոխհատուցումը նախատեսված է հավատարմագրված կրթական ծրագրերով և լրիվ ուսումնական բեռնվածությամբ սովորող ուսանողների համար։
Սոցիալական աջակցություն, կեցություն և տրանսպորտ
Երկրորդ և հաջորդ կուրսերում ուսման վարձի փոխհատուցումը (25–100%) կախված կլինի ուսանողի առաջադիմությունից, սոցիալական կարգավիճակից կամ ընտանիքի եկամտային մակարդակից։
Սոցիալական աջակցության առաջին մակարդակում ընդգրկված ուսանողների ամսական կրթաթոշակը կկազմի 50 հազար դրամ, երկրորդ մակարդակում՝ 40 հազար դրամ, իսկ երրորդ մակարդակում՝ 30 հազար դրամ։
Այս խմբերի ուսանողներին կտրամադրվի նաև ամսական մինչև 70 հազար դրամի կեցության աջակցություն՝ բնակավայրից առնվազն 20 կմ հեռավորության դեպքում, ինչպես նաև Երևանի հանրային տրանսպորտի տարեկան աբոնեմենտ։
Բնակարանի վարձակալության փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի ունենալ օրինական վարձակալության պայմանագիր՝ հաշվի առնելով նաև բուհի հանրակացարանում ազատ տեղերի առկայությունը։
Առաջադիմության հիման վրա փոխհատուցում
Նախագծով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցման վարկանիշային սանդղակ՝ հիմնված ուսանողների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) վրա։
Մասնավորապես՝ լավագույն 5%-ում ընդգրկված ուսանողները կստանան ուսման վարձի 100% փոխհատուցում, հաջորդ 5%-ը՝ 75%, հաջորդ 15%-ը՝ 50%, իսկ հաջորդ 10%-ը՝ 25%։
Առաջնահերթ մասնագիտությունների դեպքում փոխհատուցման հնարավորություններն ավելի լայն կլինեն. լավագույն 40%-ի համար՝ 100%, հաջորդ 20%-ի համար՝ 75%, ևս 20%-ի համար՝ 50%, իսկ վերջին 20%-ի համար՝ 25%։
Աջակցություն արտակարգ իրավիճակներում
Նախատեսվում է միանվագ ֆինանսական աջակցություն այն ուսանողներին, որոնք ընտանիքի կերակրողի կորստի, ծանր հիվանդության, աղետի կամ այլ հանգամանքների պատճառով հայտնվել են ուսումնառությունն ընդհատելու վտանգի առաջ։
Աջակցությունը կարող է կազմել մինչև 100 հազար դրամ՝ մեկ դեպքի համար, և մինչև 200 հազար դրամ՝ մեկ ուսումնական տարվա ընթացքում։ Դրանից կարող են օգտվել նաև սոցիալական աջակցության երեք մակարդակներում չընդգրկված ուսանողները։
Դոկտորական և նպատակային կրթաթոշակներ
Դոկտորանտների հիմնական ամսական կրթաթոշակը կկազմի 150 հազար դրամ, իսկ գիտատեխնոլոգիական կամ հայագիտական առաջնահերթ ուղղություններով՝ 200 հազար դրամ։
Նախատեսվում են նաև գործատուների հետ համաֆինանսավորվող նպատակային կրթաթոշակներ և միջազգային կրթաթոշակներ՝ արտասահմանյան բուհերում առաջնահերթ մասնագիտություններով սովորելու և հետագայում Հայաստանում աշխատելու պայմանով։
Գործող կրթաթոշակների պահպանում
Նախագծով նախատեսվում են անցումային երաշխիքներ գործող կարգով կրթաթոշակ ստացող ուսանողների համար։
Մասնավորապես, 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշմամբ կրթաթոշակ ստացողները մինչև ուսումնառության ավարտը կպահպանեն ամսական առնվազն 70 հազար դրամի կրթաթոշակը, իսկ 90,01% և ավելի ՄՈԳ ունեցողները՝ առնվազն 77 հազար դրամը, եթե նոր կարգով հաշվարկված գումարն ավելի բարձր չէ։
Ֆինանսական ազդեցությունը և թվայնացումը
Կրթաթոշակների տրամադրման և կառավարման գործընթացը կթվայնացվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համակարգի միջոցով՝ տվյալների ինքնաշխատ նույնականացմամբ։
Նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չի պահանջի, քանի որ նոր կարգը նախատեսվում է կիրառել 2027–2028 ուսումնական տարվանից։ Հետագա տարիներին ակնկալվում է բյուջետային ծախսերի ավելացում։

