«Ադրբեջան»՝ ծննդավայրի դաշտում․ ՆԳ նախարարը պարզաբանել է Ղարաբաղից տեղահանվածների նոր անձնագրերի շուրջ ստեղծված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդավայրի դաշտում կոնկրետ բնակավայրի փոխարեն պետության նշումը պայմանավորված է միջազգային չափանիշներով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարը պարզաբանել է, որ բնակավայրերի նշման դեպքում անհրաժեշտ կլիներ առաջնորդվել ISO միջազգային ստանդարտով, որտեղ Ղարաբաղի տեղանունները ներկայացված են ոչ թե տեղահանվածների նախընտրած, այլ միջազգային մակարդակով ընդունված անվանումներով։
«ISO ստանդարտում դուք Ղարաբաղի մեր հայրենակիցների կողմից մատնանշված տեղանունները չեք գտնի այն անվանումներով, որոնք նրանք ցանկություն ունեն տեսնելու իրենց անձնագրերում», – ասել է Սարգսյանը։
Ինչո՞ւ է Հայաստանը նախընտրել նշել պետությունը
Նախարարի խոսքով՝ միջազգային կանոնների համաձայն՝ ծննդավայրի դաշտում կարող է նշվել պետությունը, քաղաքը կամ բնակավայրը։ Հայաստանը, հաշվի առնելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) փորձագետների հետ խորհրդակցություններն ու տարբեր երկրների փորձը, ընտրել է պետությունը նշելու տարբերակը։
«ICAO-ն շատ հստակ նախատեսում է, որ դու չես կարող որպես պետություն քո ցանկություններից ելնելով նշել և հասկանալ, թե «ծննդյան վայր» դաշտում ինչ պիտի նշվի։ Դու պիտի հասկանաս՝ կա քաղաքական զգայունություն, թե չկա քաղաքական զգայունություն, կամ տվյալ պետությունը կամ տարածքը ճանաչված է միջազգայնորեն ընդհանուր առմամբ, թե ճանաչված չէ», – նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ անձնագիրը սահմանը հատելիս օգտագործվող փաստաթուղթ է, և դրանում միջազգային չափանիշներին չհամապատասխանող տվյալների նշումը կարող է խնդիրներ առաջացնել քաղաքացիների համար։
Ծննդավայրի դաշտի լրացման նոր մոտեցման մասին
Սարգսյանն ընդգծել է, որ ծննդավայրի դաշտի լրացման նոր մոտեցումը կապ չունի նախկին կամ ներկա իրողությունների հետ։
Կենսաչափական անձնագրի ուղղակի ներդրմամբ մենք որոշել ենք իսպառ բացառել բոլոր այն վարչարարական աղավաղումները, որոնք հընթացս տեղի են ունեցել «ծննդյան վայր» դաշտի լրացման մասով։ Մենք գնացել ենք միջազգային ընդհանուր ընկալելի մոտեցումներով», – ասել է նախարարը։

