Ո՞ւմ կարող են զրկել Հայաստանի քաղաքացիությունից․ ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում առաջարկվում է ներդնել քաղաքացիությունից զրկելու ինստիտուտ, սակայն դրա կիրառման վերջնական կարգավորումները դեռ ենթակա են քննարկման։
Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ մեկնաբանելով նոր Սահմանադրության նախագծով նախատեսվող՝ որոշակի հանցագործությունների համար քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը։
Ինչո՞ւ է անհրաժեշտ սահմանադրական փոփոխություն
Նախարարը պարզաբանել է, որ գործող Սահմանադրությունը քաղաքացիությունից զրկելու հնարավորություն չի նախատեսում, ուստի այդպիսի մեխանիզմ հնարավոր չէ սահմանել միայն «Քաղաքացիության մասին» օրենքով։ Այդ պատճառով առաջարկվում է համապատասխան դրույթ ներառել նոր Սահմանադրության նախագծում, իսկ դրա կիրառման ընթացակարգը սահմանել օրենքով։
«Հայաստանում գործում են քաղաքացիության շնորհման և դադարեցման ինստիտուտները, սակայն քաղաքացիությունից զրկելու ինստիտուտ չունենք։ Մինչդեռ աշխարհում գործում է նաև այդ ինստիտուտը, որը կիրառվում է հատկապես ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ։ Մենք գնում ենք հենց այդ ճանապարհով», – ասել է Սարգսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ պետության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց և պետության միջև հարաբերությունները չեն կարող ունենալ նույն որակը, ինչ պետության և այն քաղաքացիների միջև հարաբերությունները, որոնք որևէ գործողություն չեն կատարել ի վնաս պետության։
Երկքաղաքացիներ և միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք
Նախարարը նշել է, որ այս հարցում անհրաժեշտ է տարբերակել երկքաղաքացիություն ունեցող անձանց և միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձանց դեպքերը։
«Մենք ընդունում ենք, որ երկու շերտ գոյություն ունի՝ երկքաղաքացիների մասով և այն քաղաքացիների, որոնք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Սրա կողքին ունենք նաև միջազգային պարտավորություն, որ պետությունները պիտի ամեն ինչ անեն, որ քաղաքացիություն չունեցող անձինք որպես այդպիսին չլինեն», – ասել է Սարգսյանը։
Միջազգային պարտավորություններ և հետագա քննարկումներ
ՆԳ նախարարը նշել է, որ հարցի շուրջ դեռ քննարկումներ են անհրաժեշտ՝ հաշվի առնելով միջազգային փորձը և Հայաստանի ստանձնած պարտավորությունները։
«Այս բոլոր շերտերը, բնականաբար, գիտակցում ենք, հասկանում ենք։ Ունենք նաև մեր կողքին միջազգային պրակտիկա այս մասով։ Քննարկումներով կգնանք առաջ, կհասկանանք՝ վերջնական կարգավորումն ինչպիսին կստացվի։ Չի նախատեսվելու այնպիսի մի բան, հետո նաև օրենսդրության շրջանակներում, որը կլինի հակասահմանադրական կամ չի համապատասխանի մեր միջազգային պարտավորություններին», – նշել է Սարգսյանը։
Նախարարը նաև պարզաբանել է, որ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են բնակվել Հայաստանում և օգտվել տարբեր ծառայություններից՝ ունենալով իրենց կարգավիճակին համապատասխան փաստաթղթեր։

