«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է բիզնեսի համար մամուլի հաղորդագրությունների մասնագիտական պատրաստման ծառայություն
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն ընդլայնել է բիզնեսին մատուցվող ծառայությունների շրջանակը՝ գործարկելով նոր ուղղություն՝ մամուլի հաղորդագրությունների մասնագիտական պատրաստում և խմբագրում։ Այս մասին հայտնել են գործակալությունից։
Նոր ծառայությունը նախատեսում է ինչպես ընկերությունների տրամադրած փաստերի և ելակետային տվյալների հիման վրա մամուլի հաղորդագրությունների պատրաստում զրոյից, այնպես էլ արդեն պատրաստի կորպորատիվ տեքստերի մասնագիտական խմբագրում՝ հաշվի առնելով լրատվամիջոցների պահանջները։
Նյութերը պատրաստվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Ինչպես նշում են գործակալությունից, որակյալ մամուլի հաղորդագրության պատրաստումը պահանջում է ոչ միայն կորպորատիվ հաղորդակցության հմտություններ, այլև լրագրողական չափանիշների, տեղեկատվության հետ աշխատանքի սկզբունքների և ժամանակակից լրատվամիջոցների առանձնահատկությունների իմացություն։
Նոր ուղղության նպատակն է ընկերություններին մասնագիտական խմբագրական աջակցություն տրամադրել նոր պրոդուկտների և ծառայությունների գործարկման, ներդրումային նախագծերի, ֆինանսական արդյունքների, համաձայնագրերի կնքման և կորպորատիվ այլ նշանակալի իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվական նյութերի պատրաստման հարցում։
Ծառայությունը նախատեսված է ինչպես հասարակայնության հետ կապերի սեփական ստորաբաժանումներ չունեցող փոքր և միջին ձեռնարկությունների, այնպես էլ մարքեթինգի և կորպորատիվ հաղորդակցության ստորաբաժանումներ ունեցող խոշոր ընկերությունների համար։
«ԱՌԿԱ» գործակալության մասին
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թվականի մայիսի 1-ից և Հայաստանի առաջատար բիզնես լրատվամիջոցներից է։ Գործակալությունը մասնագիտացած է ֆինանսատնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում, ինչպես նաև զարգացնում է մասնագիտական լսարանի համար նախատեսված վերլուծական և ծառայությունների մատուցմանն ուղղված պրոդուկտներ։ Մեդիահոլդինգի կազմում ընդգրկված են նաև Armbanks.am և Arkatelecom.am պորտալները։

