Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանը, որը վերաբերում է կենդանիների և բույսերի անհետացող տեսակների փրկությանը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոլիվուդյան դերասան և բնապահպանական ակտիվիստ Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է անհետացող տեսակների վերականգնման միջազգային կոալիցիայի ստեղծումը, որի նախաձեռնողներն են հանդես եկել Հայաստանը և Կոլումբիան: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում հայտարարված որոշումները:
«Անհետացման կանխումն այլևս բավարար չէ: Մեզ անհրաժեշտ է վտանգված տեսակները հետ վերադարձնել անհետացման եզրից և վերականգնել դրանց պոպուլյացիաները: ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովում (COP17) այսօրվա հայտարարությունները վկայում են այս ուղղությամբ գործելու աճող գլոբալ պատրաստակամության մասին», — գրել է Դի Կապրիոն:
Նրա խոսքով՝ 17 երկիր՝ Հայաստանի և Կոլումբիայի գլխավորությամբ, միացել են Անհետացող տեսակների վերականգնման գործողությունների նոր կոալիցիային (Coalition of Action to Recover Endangered Species, CARES): Նախաձեռնության մասնակիցները հանձնառություն են ստանձնել արագացնել ջանքերը տեսակների անհետացումը կանխելու և դրանց պոպուլյացիաների վերականգնման գործում չափելի արդյունքների հասնելու ուղղությամբ:
Դի Կապրիոն նաև հայտնել է, որ ինը բարեգործական հիմնադրամներ և կազմակերպություններ, ներառյալ նրա Re:wild բնապահպանական կազմակերպությունը, ձևավորել են Տեսակների վերականգնման ալյանսը (Species Recovery Alliance):
Ալյանսի մասնակիցները համատեղ պարտավորվել են հինգ տարվա ընթացքում հատկացնել և համաձայնեցնել ավելի քան 500 միլիոն դոլարի ֆինանսավորում ամբողջ աշխարհում այն տեսակների վերականգնման համար, որոնք դասվում են «վայրի բնության մեջ անհետացած», «կրիտիկական վիճակում գտնվող» (լիակատար անհետացման եզրին գտնվող) և «անհետացման սպառնալիքի տակ գտնվող» կատեգորիաներին:
«Այս երկու առանձին նախաձեռնություններին միավորում է ընդհանուր նպատակը՝ օգնել աշխարհում առավել խոցելի տեսակների վերականգնմանը: Դրա համար անհրաժեշտ են կայուն ներդրումներ, համակարգված բնապահպանական գործողություններ և երկարաժամկետ նվիրվածություն», — ընդգծել է դերասանը:
Դի Կապրիոն շնորհավորել է նոր նախաձեռնությունների հիմնադիր հանդիսացող կառավարություններին և կազմակերպություններին:
COP17-ի մասին
Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որը կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը: Համաժողովի նախօրեին՝ հոկտեմբերի 15–16-ը, Երևանում տեղի է ունեցել Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովը՝ պետությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ:

