Բելգիացի գործարարները Հայաստանում ներդրումային ծրագրեր են քննարկում առողջապահության, IT-ի և շինարարության ոլորտներում

07.10.2026, 16:33
Բելգիական շուրջ 15 ընկերությունների ղեկավարներ Հայաստանում համագործակցության և ներդրումների հնարավորություններ են քննարկում
Բելգիացի գործարարները Հայաստանում ներդրումային ծրագրեր են քննարկում առողջապահության, IT-ի և շինարարության ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. Նովոստի–Արմենիա. Բելգիական շուրջ 15 ընկերությունների ղեկավարներ Հայաստանում համագործակցության և ներդրումների հնարավորություններ են քննարկում առողջապահության, IT-ի, շինարարության, լոգիստիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում։

Ինչպես ասուլիսի ժամանակ հայտնել է Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը, բելգիացի ձեռնարկատերերը հայկական հիմնադրամում արդեն շուրջ 2 մլն եվրոյի ներդրում են կատարել։

Պատվիրակության այցի շրջանակում քննարկվում է նաև Երևանի մերձակայքում՝ Արզնիում, գերազանցության և առողջապահության կենտրոնի ստեղծման ծրագիրը, որը նախատեսված կլինի տարեց մարդկանց համար։

«Սա ներդրում է, որը կիրականացվի բելգիական ձեռնարկությունների կողմից, և որին, ամենայն հավանականությամբ, կաջակցեն նաև սփյուռքի հայերը»,– ասել է Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ կենտրոնում նախատեսվում են բժիշկների և բուժանձնակազմի վերապատրաստման հնարավորություններ։ Նախագիծը հիմնականում ուղղված է սփյուռքահայերին, սակայն չի սահմանափակվում միայն նրանցով։ Նպատակներից է նաև Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացումը։

Պատվիրակության կազմում է նաև հիվանդանոցային թափոնների վերամշակման տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած բելգիական Ecosteryl ընկերությունը։ Դրա նախագահ Օլիվյե Դյուֆրեի խոսքով՝ ընկերությունն առաջարկում է տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս հիվանդանոցային թափոնները վերամշակել առանց այրման՝ ավելի էկոլոգիական և քիչ ծախսատար եղանակով։

Դյուֆրեն նշել է, որ ընկերությունն արդեն շուրջ 100 երկրի օգնել է անցնել նման տեխնոլոգիաների և պատրաստ է համագործակցել նաև Հայաստանի հետ։

Հայկական բժշկական հաստատությունների հետ համագործակցության հնարավորություններ է դիտարկում նաև Բրյուսելի Սեն-Լյուկի համալսարանական կլինիկան։ Դրա գործադիր տնօրեն Ֆիլիպ Լըռուան այցելել է Երևանի երկու հիվանդանոց և հնարավոր համագործակցության ուղղությունների թվում նշել բժիշկների վերապատրաստումն ու բարդ բժշկական դեպքերի համատեղ քննարկումը։

ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքի խոսքով՝ պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչների հետ։ Քննարկվելու են առողջապահությունը, ենթակառուցվածքներն ու կապակցվածությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտը։

Դեսպանը նշել է, որ բելգիական պատվիրակության մի շարք ընկերություններ ակտիվ են կիսահաղորդիչների, արհեստական բանականության և այլ տեխնոլոգիական ուղղություններում։