Հայաստանում 2026թ․–ի 8 ամսում նվազել են ծնելիությունն ու մահացությունը
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում 2026 թվականի հունվար-օգոստոսին, 2025 թվականի հունվար-օգոստոսի համեմատ, ծնելիությունը նվազել է 2,6%-ով, մահացությունը՝ 5,2%-ով: Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Ծնելիություն
2026 թվականի 8 ամիսներին երկրում ծնվել է 19 865 երեխա, այնինչ 2025 թվականի 8 ամիսներին ծնվել է 20 392 նորածին:
Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մեռելածնության 227 դեպք, ինչը 13%-ով պակաս է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում (261 դեպք):
Բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, 2026 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 121,2%՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 118%-ի դիմաց:
Մահացություն
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում մահացել է 16 391 մարդ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 17 288 մարդու համեմատ:
Մահացածների ավելի քան կեսը (50,4%-ը կամ 8 256 մարդ) մահացել է արյունաշրջանառության համակարգի հիվանդություններից: Այս ցուցանիշը 7,9%-ով պակաս է, քան 2025 թվականի հունվար-օգոստոսին:
Մահացության պատճառների շարքում երկրորդ տեղում նորագոյացություններն են (22,3%-ը կամ 3 654 մարդ, աճը՝ 7,6%):
Մահվան այլ պատճառների թվում նշված են շնչառական օրգանների հիվանդությունները (9,8%-ը կամ 1 612 մարդ, անկումը՝ 10,2%), մարսողական օրգանների հիվանդությունները (5,3%-ը կամ 874 մարդ, աճը՝ 8,4%), արտաքին պատճառները (3,6%-ը կամ 600 մարդ, անկումը՝ 3,2%), էնդոկրին համակարգի հիվանդությունները (2,2%-ը կամ 355 մարդ, անկումը՝ 3,3%), վարակիչ և մակաբուծային հիվանդությունները (0,6%-ը կամ 94 մարդ, անկումը՝ 59,3%):

