The New York Times-ը հայկական ղափաման ներառել է Գոհաբանության օրվա բուսական ճաշացանկում

20.11.2026, 21:15
The New York Times-ը Գոհաբանության օրվա տոնական ճաշացանկում ներառել է հայկական ղափամայից ոգեշնչված ուտեստ
The New York Times-ը հայկական ղափաման ներառել է Գոհաբանության օրվա բուսական ճաշացանկում

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ամերիկյան The New York Times պարբերականի NYT Cooking խոհարարական հարթակը Գոհաբանության օրվա տոնական ճաշացանկի համար առաջարկել է հայկական ավանդական ղափամայից ոգեշնչված ուտեստ՝ այն ներկայացնելով որպես բուսական սեղանի հիմնական ուտեստ։

«Այս տպավորիչ բուսական ուտեստը պատրաստված է հայկական տոնական լցոնած դդմի՝ ղափամայի օրինակով, որը հրաշալի է ընտրություն է տոնական հյուրասիրության համար», - նշվում է բաղադրատոմսի նկարագրության մեջ։

Պարբերականը ղափաման ներկայացնում է որպես աշնանային ուտեստ, որը սովորաբար մեղրով պատված և ջեռոցում եփված դդում է՝ լցոնված բրնձով, ընկուզեղենով և չրերով, ինչպիսիք են ծիրանաչիրն ու բալը։

The New York Times-ի բաղադրատոմսով ուտեստը նախատեսված է 8–10 հոգու համար, իսկ պատրաստման համար անհրաժեշտ է 3 ժամ 20 րոպե։ Դդումը լցոնվում է բասմատի բրնձով, ոսպով, ընկույզով, խնձորով, չամիչով, չորացրած լոռամրգով և կանաչիներով, ապա թխվում ջեռոցում։