Թոքաբորբը կարող է խաբուսիկ լինել․ 7 փաստ, որոնց մասին զգուշացնում է հայ բժիշկը

12.11.2026, 15:44
Այսօր՝ Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը, թոքաբան–թերապևտ Տաթևիկ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք հիվանդության ախտանիշերի, ռիսկերի, բուժման և կանխարգելման մասին
Թոքաբորբը կարող է խաբուսիկ լինել․ 7 փաստ, որոնց մասին զգուշացնում է հայ բժիշկը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ջերմությունն իջել է, հազը՝ գրեթե անցել, բայց թուլությունը դեռ պահպանվո՞ւմ է։ Երբեմն սովորական շնչառական վարակի ախտանիշերի հետևում կարող է թաքնված լինել թոքաբորբ, որը միշտ չէ, որ ուղեկցվում է բարձր ջերմությամբ և ուժեղ հազով։

Թոքաբորբը թոքերի վարակային բորբոքում է, որի ժամանակ ալվեոլները՝ թոքերի մանր օդային պարկիկները, կարող են լցվել հեղուկով կամ թարախով՝ դժվարացնելով շնչառությունը։ Հիվանդության պատճառ կարող են լինել բակտերիաները, վիրուսները և ավելի հազվադեպ՝ սնկերը։

The Lancet Infectious Diseases ամսագրի 2026 թվականի ապրիլյան համարում հրապարակված Global Burden of Disease (GBD 2023) ուսումնասիրության համաձայն՝ 2023 թվականին ստորին շնչուղիների վարակները, այդ թվում՝ թոքաբորբը, աշխարհում շուրջ 2,5 մլն մարդու մահվան պատճառ են դարձել։ Առավել խոցելի են փոքր երեխաներն ու տարեցները։

Նոյեմբերի 12-ին՝ Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը, «Նովոստի–Արմենիան» ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դասախոս, թոքաբան–թերապևտ Տաթևիկ Հովհաննիսյանի հետ զրուցել է հիվանդության ախտանիշերի, ռիսկերի, բուժման և կանխարգելման մասին։

Ներկայացնում ենք յոթ կարևոր փաստ։

1. Թոքաբորբը կարող է ընթանալ առանց բարձր ջերմության

Թոքաբորբի դեպքում հազը, ջերմությունն ու դողը պարտադիր չէ, որ ի հայտ գան միաժամանակ։ Հիվանդությունը երբեմն զարգանում է աստիճանաբար՝ ուղեկցվելով թուլությամբ, ախորժակի նվազումով, հևոցով և արագ հոգնածությամբ։ Հատկապես տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ ջերմությունը կարող է բարձր չլինել կամ բացակայել։

Բժշկի խոսքով՝ սկզբնական փուլում կարող է լինել միայն ջերմություն, իսկ հազն ի հայտ գալ ավելի ուշ։

«Պարտադիր չէ, որ հազը և ջերմությունը միաժամանակ լինեն։ Կարող է լինել ջերմություն առանց հազի», – նշել է մասնագետը։

Այսպիսով, բարձր ջերմության կամ հազի բացակայությունը չի բացառում թոքաբորբը։

2. Արտահայտված թուլությունը կարող է լինել հիվանդության ազդանշաններից մեկը

Եթե թուլությունն ուղեկցվում է հևոցով, հաճախացած շնչառությամբ կամ ինքնազգացողության վատացմամբ, անհրաժեշտ է դիմել բժշկի։ Թոքաբորբի հնարավոր ախտանիշերից են նաև կրծքավանդակի ցավը, դողը, սրտխառնոցը, երբեմն՝ փսխումն ու լուծը։ Տարեցների մոտ կարող է առաջանալ հանկարծակի ապակողմնորոշում։

Սակայն միայն թուլությունը բավարար չէ թոքաբորբ ախտորոշելու համար։

«Թուլությունը թոքաբորբի ախտանիշերից մեկն է, բայց միայն թուլությամբ թոքաբորբ ախտորոշելը, իհարկե, սխալ է», – ընդգծել է բժիշկը։

3. Թոքաբորբով կարելի է հիվանդանալ տարվա ցանկացած եղանակին

Грипп ИИ

Թոքաբորբը միայն ձմեռային հիվանդություն չէ։ Թեև ցուրտ ամիսներին շնչառական վարակներն ավելի հաճախ են տարածվում, հիվանդությունը կարող է զարգանալ տարվա ցանկացած եղանակին։

Հովհաննիսյանը նույնպես ընդգծում է, որ ձմռանը շնչառական վարակներով պայմանավորված թոքաբորբի հավանականությունը կարող է մեծանալ, սակայն հիվանդությունը հանդիպում է նաև տաք եղանակին։

Հիվանդանալու ռիսկը կախված է տարիքից, առողջական վիճակից, իմունային համակարգից և վարակի հարուցիչից։

4. Թոքաբորբը հատկապես վտանգավոր է որոշ խմբերի համար

ребенок заболел температура жар градусник термометр грипп ОРВИ врач.jpg

Ծանր ընթացքի ռիսկն ավելի բարձր է մինչև հինգ տարեկան երեխաների, 65 տարեկանից բարձր մարդկանց, սրտի և թոքերի քրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ կամ թուլացած իմունային համակարգ ունեցողների շրջանում։

Բժշկի խոսքով՝ առանձնահատուկ ուշադրություն է անհրաժեշտ նաև հղիների, բնածին արատներ ունեցող պացիենտների և մեծ ծավալի վիրահատություններից հետո վերականգնվող մարդկանց նկատմամբ։

Տարեցների դեպքում հիվանդությունը երբեմն դրսևորվում է ոչ բնորոշ ախտանիշերով՝ թուլությամբ, ախորժակի կորստով, ապակողմնորոշմամբ կամ առօրյա ակտիվության կտրուկ նվազմամբ։

5. Հակաբիոտիկները բոլոր տեսակի թոքաբորբերի դեպքում արդյունավետ չեն

Հակաբիոտիկները կիրառվում են բակտերիալ թոքաբորբի դեպքում, սակայն չեն ազդում վիրուսների վրա։ Որոշ վիրուսային վարակների դեպքում բժիշկը կարող է նշանակել հակավիրուսային դեղամիջոցներ։

Միաժամանակ, բակտերիալ վարակի կասկածի դեպքում հակաբիոտիկային բուժումը երբեմն սկսվում է մինչև հարուցիչի վերջնական հաստատումը։

Հովհաննիսյանը շեշտում է, որ բուժման ընտրությունից առաջ անհրաժեշտ է գնահատել հիվանդության պատճառը և պացիենտի վիճակը։

«Չի կարելի ինքնուրույն ընդունել հակաբիոտիկներ, քանի որ նախ պետք է պարզել էթիոլոգիան և պաթոգենեզը, այսինքն պատճառագիտությունը, հետո նոր կատարել բուժում», – նշել է մասնագետը։

Հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործումը նպաստում է դրանց նկատմամբ բակտերիաների կայունության զարգացմանը։ Դեղամիջոցի ընտրությունը, դեղաչափը և բուժման տևողությունը պետք է որոշի բժիշկը։

6. Թոքաբորբով մեկ անգամ հիվանդանալը չի պաշտպանում կրկնակի վարակից

Թոքաբորբ կարող են առաջացնել տարբեր հարուցիչներ, ուստի նույնիսկ լիարժեք ապաքինումից հետո հնարավոր է կրկին հիվանդանալ։

«Մարդը կյանքի ընթացքում կարող է թոքաբորբով հիվանդանալ մեկ և ավելի անգամ։ Եթե մեկ անգամ հիվանդացել է, չի նշանակում, որ այլևս չի կարող հիվանդանալ», – պարզաբանել է բժիշկը։

Պնևմոկոկային պատվաստումը նույնպես չի պաշտպանում թոքաբորբի բոլոր տեսակներից, սակայն նվազեցնում է որոշ պնևմոկոկային վարակների և դրանց ծանր հետևանքների ռիսկը։

7. Թոքաբորբի առաջացման ռիսկը հնարավոր է նվազեցնել

Կանխարգելման կարևոր միջոցներից են պնևմոկոկային վարակի, գրիպի, COVID-19-ի և այլ շնչառական վարակների դեմ համապատասխան պատվաստումները՝ ըստ բժշկական ցուցումների։

Պնևմոկոկը թոքաբորբի կարևոր բակտերիալ հարուցիչներից է, իսկ դրա դեմ պատվաստումը կարող է նվազեցնել որոշ պնևմոկոկային վարակների և դրանց ծանր բարդությունների ռիսկը։

Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս հետևել օրացուցային և սեզոնային պատվաստումներին, ինչպես նաև ցուրտ եղանակին համապատասխան հագնվել։

Սակայն տաք հագնվելն ինքնին չի կանխում վարակները և չի փոխարինում պատվաստումներին ու հիգիենային։

Կարևոր են նաև ծխելուց հրաժարվելը, ձեռքերը կանոնավոր լվանալը, սենյակներն օդափոխելը, լիարժեք սնվելը և քրոնիկ հիվանդությունների վերահսկումը։

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի, և կարելի՞ է արդյոք թոքաբորբը բուժել տանը

легкие, бронхи, рентген

Թոքաբորբի յուրաքանչյուր դեպք հիվանդանոցային բուժում չի պահանջում, սակայն ինքնաբուժումն անթույլատրելի է։

Ինչպես պարզաբանել է փորձագետը, որոշ դեպքերում հիվանդությունը հնարավոր է բուժել տանը՝ բժշկի նշանակմամբ և վերահսկողությամբ։

«Թոքաբորբը չի կարելի բուժել տանն առանց բժշկի դիմելու։ Կան, իհարկե, թոքաբորբեր, որոնք բժշկի ցուցմամբ, ըստ պացիենտի վիճակի, բուժվում են տանը՝ համապատասխան նշանակումներով», – նշել է բժիշկը։

Նրա խոսքով՝ բժշկի դիմելու անհրաժեշտության մասին կարող են վկայել հետևյալ ախտանիշերը.

  •         Երեք օր և ավելի տևող ջերմություն

  •         Արտահայտված թուլություն և հյուծվածություն

  •         Ջերմիջեցնող դեղամիջոցների անբավարար ազդեցություն

  •        Հևոց կամ շնչառության դժվարացում

  •       Արյան մեջ թթվածնի հագեցվածության նվազում

  •        Ձգձգվող հազ

  •       Խորխի մեջ արյան առկայություն

Հովհաննիսյանի խոսքով՝ թոքաբորբի ծանրության գնահատման հատուկ սանդղակների հիման վրա բժիշկը որոշում է՝ պացիենտը կարող է բուժվել ամբուլատոր, թե անհրաժեշտ է ստացիոնար բուժում։

Սակայն բժշկի դիմելու համար պարտադիր չէ սպասել երեք օր։ Շնչառության արտահայտված դժվարացման, շրթունքների կամ մաշկի կապտելու, գիտակցության խանգարման կամ ուշագնացության դեպքում անհրաժեշտ է անհապաղ շտապ բժշկական օգնություն կանչել։

Թոքաբորբը շատ դեպքերում հաջողությամբ բուժվում է, սակայն կարևոր են ժամանակին ախտորոշումը և ճիշտ բուժումը։