«Տակառները նորից լցված են, պետք է կա՛մ վաճառել, կա՛մ խմել»․ Պապոյանը կատակել է (ՎԻԴԵՈ)

12.11.2026, 16:20
Նախարարի խոսքով՝ այս տարվա մթերման սեզոնը սկսվել է նախորդ տարիներին մթերված խաղողից ստացված արտադրանքի զգալի մասն արտահանելուց և վաճառելուց հետո. ՎԻԴԵՈ
«Տակառները նորից լցված են, պետք է կա՛մ վաճառել, կա՛մ խմել»․ Պապոյանը կատակել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստում խաղողի մթերման արդյունքները ներկայացնելիս կատակել է՝ նշելով, որ տակառները կրկին լցված են, և մինչև հաջորդ տարվա մթերման սեզոնը դրանցում պահվող արտադրանքի մեծ մասը պետք է կա՛մ վաճառել, կա՛մ խմել։

Նախարարի խոսքով՝ այս տարվա մթերման սեզոնը սկսվել է նախորդ տարիներին մթերված խաղողից ստացված արտադրանքի զգալի մասն արտահանելուց և վաճառելուց հետո։

«Մենք մթերման սեզոն մտանք դատարկ տակառներով, այսինքն՝ մինչև մթերման սեզոնը նախորդ տարիների մթերածը կարողացել էինք արտահանել, վաճառել հիմնականում մեծ չափով, և սա ահագին մեզ օգնեց»,– ասել է Պապոյանը։

Նա նշել է, որ այժմ տակառները կրկին ամբողջությամբ լցված են։

«Պետք է մինչև հաջորդ տարվա մթերման սեզոնի սկիզբը դրանց մեծ մասը նվազագույնը կամ վաճառել, կամ խմել»,– կատակել է նախարարը։

Պապոյանի տվյալներով՝ 2026 թվականին Հայաստանում մթերվել է մոտ 200 հազար տոննա խաղող՝ նախապես ակնկալվող 180–185 հազար տոննայի փոխարեն։

Նախարարը նաև հայտնել է, որ այս տարի դաշտերում խաղող չի մնացել։