Հայաստանի տարածքում արդեն հասունացել է երկրաբանական հետազոտությունների նոր էջ բացելու անհրաժեշտությունը․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում երկրաբանական հետազոտությունների նոր էջ բացելու անհրաժեշտությունն արդեն հասունացել է։
Այս մասին նա ասել է հոկտեմբերի 17-ին Mining Armenia Forum 2026-ի շրջանակում, որն անցկացվել է «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Փաշինյանի խոսքով՝ հանքավայրերի շահագործումը տնտեսության զարգացման շատ մեծ հնարավորություն է։
«Պետք է առաջիկայում մեր միջազգային գործընկերների հետ վերահետազոտենք մեր ընդերքը՝ հասկանալու, թե ինչ լրացուցիչ հնարավորություններ կան։ Իսկ որ այդ հնարավորությունները կան, ակնհայտ է։ Պարզ է նաև, որ զուտ ծավալի առումով մետաղական հանքերի հետ կապված օրակարգերն ավելի ու ավելի մեծ ուշադրության են արժանանում, բայց ոչ մետաղական հանքանյութերի շահագործման խնդիրը նույնպես շատ հրատապ է։ Եվ այստեղ էլ մենք հետազոտման խնդիր ունենք», — հայտարարել է վարչապետը։
Ֆորումի մասին
Mining Armenia Forum-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։
Այս տարվա ֆորումը համախմբել է հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ 50 խոսնակների, այդ թվում՝ միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, քաղաքականություն մշակողներ, կայունության ոլորտի փորձագետներ, տեխնոլոգիական մատակարարներ, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

