Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հոկտեմբերի 25-ին երկրի 10 մարզերի 21 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները։
ՆԳՆ հաղորդմամբ՝ ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել ընտրական տեղամասը։
Ո՞ր համայնքներում կանցկացվեն ընտրությունները
Հոկտեմբերի 25-ին ընտրությունները կանցկացվեն հետևյալ համայնքներում՝
-
Արարատի մարզ՝ Արտաշատ։
-
Արմավիրի մարզ՝ Արաքս, Արմավիր։
-
Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս։
-
Լոռու մարզ՝ Ստեփանավան, Ֆիոլետովո։
-
Կոտայքի մարզ՝ Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան։
-
Շիրակի մարզ՝ Ախուրյան, Արթիկ։
-
Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի։
-
Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք։
-
Տավուշի մարզ՝ Դիլիջան, Իջևան։
-
Արագածոտնի մարզ՝ Շամիրամ։
Որտե՞ղ ստուգել ընտրողների ցուցակները
Ընտրողների վերջնական ցուցակները հրապարակված են ՆԳՆ պաշտոնական elections.mia.gov.am հարթակում։
Տվյալները կարելի է ստուգել նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի elections.am կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում։
ՆԳՆ-ն խորհուրդ է տալիս նախապես ստուգել տվյալները և ճշտել ընտրական տեղամասը՝ քվեարկության օրը հնարավոր դժվարություններից խուսափելու համար։
Ի՞նչ անել, եթե անունը չկա ընտրողների ցուցակում
Եթե քաղաքացին իր անունը չի գտել ընտրողների վերջնական ցուցակում, Ընտրական օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կարող է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ։
Դիմելու ժամկետը հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 25-ը՝ ժամը 20։00-ն է։
Քաղաքացին կարող է ստանալ համապատասխան տեղեկանք՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։
ՆԳՆ պարզաբանմամբ՝ դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝
-
Հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից։
-
Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում։
-
Հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում։
-
Հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն ցուցակում չեն ընդգրկվել ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը չբավարարելու հիմքով։
ՆԳՆ-ն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում է նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել ընտրատեղամասը՝ քվեարկության գործընթացն առավել արագ, սահուն և հարմարավետ կազմակերպելու համար։

