Երևանում 2 փողոց կանվանափոխվի

13.10.2026, 14:45
Երևանում 2 փողոց կանվանափոխվի, որոշումն ընդունվել է այսօր
Երևանում 2 փողոց կանվանափոխվի

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի Նոր Արեշի 3-րդ փողոցը կկոչվի Մետաքսեի փողոց, իսկ Ֆրուզեի փողոցը` Երվանդունիների փողոց։ Համապատասխան որոշումներն ընդունվել են Երևանի ավագանու երեքշաբթի կայացած նիստում։

Նոր Արեշի 3-րդ փողոցը` Մետաքսեի փողոց

Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 3-րդ փողոցը, որը սկսվում է Արտաշատի ջրանցքի մոտից, անցնում Ռոստովյան փողոցին զուգահեռ և հասնում Ազատամարտիկների փողոց, այսուհետ կկրի հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անունը։

Փողոցն անվանակոչելու միջնորդությունը ներկայացրել է Մետաքսեի դուստրը՝ Լիլիթ Աղագյուլյանը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մետաքսեն նշանակալի ներդրում է ունեցել հայ գրականության, հայ պոեզիայի հանրահռչակման, ինչպես նաև հայրենանվեր և բարեգործական գործունեության ոլորտներում։

Ֆրունզեի փողոցը ` Երվանդունիների փողոց

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Ֆրունզեի փողոցը, որը սկսվում է Գարեգին Նժդեհ փողոցից և հասնում Բագրատունյաց փողոց, կանվանափոխվի հայոց արքայատոհմի՝ Երվանդունիների անվամբ։

Որոշման հիմնավորման համաձայն՝ անվանափոխության նպատակն է Երևանի տեղանվանական համակարգում առավել ամբողջականորեն արտացոլել հայ ժողովրդի պատմական ժառանգությունը։

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ քանի որ փողոցը սկսվում է Բագրատունյաց փողոցից և ձգվում Արշակունյաց պողոտային զուգահեռ, այն Երվանդունիների անվամբ անվանափոխելը տվյալ հատվածում կձևավորի պատմականորեն և տարածականորեն փոխկապակցված տեղանվանական ամբողջություն՝ Երվանդունիների, Արշակունիների և Բագրատունիների անուններով։

Միխայիլ Ֆրունզեն խորհրդային քաղաքական և ռազմական գործիչ էր, Կարմիր բանակի հրամանատար։ Նա մասնակցել է 1905–1907 թվականների հեղափոխական շարժմանը, իսկ հետագայում զբաղեցրել է Խորհրդային Միության ռազմական ղեկավար պաշտոններ։