Շինարարների փողոցի կրպակները գտնվում են համայնքային հողի վրա. Փոխքաղաքապետ
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտարարել է, որ Շինարարների փողոցի կրպակները կառուցված են համայնքային հողի վրա և պետք է վերադարձվեն հանրությանը։
Հոկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատվեն կրպակներից, որից հետո կրպակատերերը բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Կրպակների ապամոնտաժման դեմ դժգոհությունը շարունակվում է․ այսօր նույնպես կրպակատերերը կրկին բողոքի ակցիա են անցկացնում։
«Մենք պետք է հաշվի նստենք այն իրականության հետ, որ հանրային տարածքը հանրային տարածք է։ Հողը համայնքային է։ Այդ կրպակներն ու խանութները չեն ապամոնտաժվում, որպեսզի ինչ-որ մեկ ուրիշը տիրանա այդ հատվածին, այլ այն ամբողջությամբ վերադարձվի Աջափնյակի բնակիչներին», — նշել է Փամբուխչյանը Ավագանու նիստի ժամանակ։
Փոխքաղաքապետը հավելել է, որ տարածքում նախատեսվում է ստեղծել կանաչ գոտի, որը կծառայի հանրությանը։

