Որքանո՞վ են անվտանգ վեյփերն ու էլեկտրոնային ծխախոտը․ մասնագետները պարզաբանում են

12.10.2026, 16:44
Բժիշկները պարզաբանում են, թե ինչ վտանգներ է պարունակում ծխախոտը
Որքանո՞վ են անվտանգ վեյփերն ու էլեկտրոնային ծխախոտը․ մասնագետները պարզաբանում են

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ծխախոտի օգտագործման մակարդակը բավականին բարձր է և շարունակում է մնալ գլխավոր խնդիրներից մեկը․ չափահասների մոտ մեկ քառորդն ամեն օր ծխում է, իսկ էլեկտրոնային ծխախոտների, վեյփերի և տաքացվող ծխախոտային արտադրատեսակների տարածումը նոր մարտահրավեր է ստեղծում հանրային առողջության համար։

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը և Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը ներկայացրել են, թե որքանով են վտանգավոր այս արտադրատեսակները, ինչ հետևանքներ կարող են ունենալ առողջության համար և ինչու է անհրաժեշտ հրաժարվել ծխախոտի բոլոր տեսակների օգտագործումից։

Ծխախոտի օգտագործման վիճակագրությունը Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետի խոսքով՝ Հայաստանում չափահաս բնակչության շուրջ 25%-ն ամենօրյա ծխող է։

«Նրանց 50%-ից ավելին տղամարդիկ են` մոտավորապես 53%, և մոտ 2% ծխախոտ օգտագործողներ կան կանանց շրջանում», – նշել է Մնացականյանը։

Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության տվյալներով՝ 15-ամյա տղաների շուրջ 25%-ը և նույն տարիքի աղջիկների 4%-ը ծխախոտ է օգտագործում։

Մտահոգիչ է նաև էլեկտրոնային ծխախոտների տարածումը դեռահասների շրջանում․ 15-ամյա տղաների 36%-ը, իսկ աղջիկների 6%-ը երբևէ փորձել է դրանք։

«13 տարեկանից արդեն ունենք ծխող երեխաներ։ Հիմնականում 13 տարեկան տղաների մոտ 5%-ը արդեն իսկ օգտագործում է տարբեր տեսակի ծխախոտային արտադրատեսակ», — նշել է Մնացականյանը։

Ինչպես է ծխախոտի օգտագործումն ազդում օրգանիզմի վրա

Տիգրան Բյուզանդյանն իր հերթին նշում է, որ ծխախոտի այրման հետևանքով առաջացող թունավոր նյութերը շնչառական ուղիներով տարածվում են օրգանիզմում՝ վնասելով ոչ միայն թոքերը, այլև այլ օրգաններ։

Նրա խոսքով՝ ծխախոտի ազդեցության հետևանքով կարող են առաջանալ բերանի խոռոչի, լեզվի, կոկորդի, շնչափողի և թոքերի ուռուցքային հիվանդություններ։ Ռիսկի են ենթարկվում նաև կերակրափողը, միզուղիները և միզապարկը։

«Այդ բոլոր տարածքների ուռուցքային հիվանդությունների պատճառաբանության և ռիսկի գործոնների գնահատման մեջ տվյալ պահին գերադասել է հենց ծխախոտի ազդեցությունը», — նշել է Բյուզանդյանը։

Մասնագետի խոսքով՝ ծխախոտի թունավոր նյութերն անցնում են նաև արյունատար համակարգ՝ նպաստելով սիրտանոթային հիվանդությունների առաջացմանը։

Բյուզանդյանը նշել է, որ ծխելուց հրաժարվելը թոքերի քաղցկեղի ախտորոշումից հետո կարող է դրական ազդեցություն ունենալ բուժման արդյունքի վրա։ Նրա խոսքով՝ չինական հետազոտության համաձայն՝ թոքերի քաղցկեղի ախտորոշումից հետո ծխելը թողած և շարունակած հիվանդների ապրելիության ցուցանիշների տարբերությունը կազմել է 30%։

Էլեկտրոնային ծխախոտների օգտագործման ռիսկերը

Մնացականյանի խոսքով՝ էլեկտրոնային ծխախոտների, վեյփերի և տաքացվող ծխախոտային արտադրատեսակները հաճախ գրավիչ են իրենց գունավոր տեսքով և տարբեր բույրերով, ինչի միջոցով ծխախոտային արդյունաբերությունը փորձում է ներգրավել նոր սպառողների, այդ թվում՝ երեխաների և կանանց։

«Էլեկտրոնային ծխախոտն անվնաս չէ, այն բավականին վտանգավոր է; Այն ունի տարբեր տեսակի թունավոր, վտանգավոր նյութեր բացի նրանից, որ նիկոտին է պարունակում, որն առաջին հերթին հենց ուժեղ կախվածություն առաջացնող տոքսին է», - նշել է նա։

Մնացականյանը նշել է, որ էլեկտրոնային ծխախոտները կարող են պարունակել նաև ծանր մետաղներ, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա։ Բացի այդ, դրանց բաղադրության մեջ առկա գլիցերինն ու պրոպիլենգլիկոլը տաքացման ընթացքում կարող են նպաստել այլ նյութերի առաջացմանը, որոնք գրգռող, մուտագեն և քաղցկեղածին ազդեցություն ունեն։

Բյուզանդյանն իր հերթին ավելացրել է, որ էլեկտրոնային և տաքացվող ծխախոտային արտադրատեսակների երկարաժամկետ ազդեցությունը լիարժեք գնահատելու համար դեռ լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ։

«Մի քիչ ավելի երկար ժամանակ է պետք տվյալ ծխախոտատեսակների ազդեցության՝ թե՛ մեխանիզմների, թե՛ նյութերի փոփոխությունների, թե՛ օրգանիզմում փոփոխությունների մասին ինֆորմացվելու համար», — նշել է նա։

Միաժամանակ, Բյուզանդյանի խոսքով, էլեկտրոնային ծխախոտների օգտագործման հետ կապված արդեն հայտնի է EVALI կոչվող հիվանդությունը (էլեկտրոնային սիգարետների կամ վեյփերի օգտագործման հետ կապված թոքերի սուր վնասումն է, որը կարող է հանգեցնել շնչառական ծանր խանգարումների և նույնիսկ մահվան – խմբ․), որը լուրջ խնդիրներ է առաջացրել զարգացած երկրներում։ Բժիշկը նշել է, որ նման հիվանդության դրսևորումների հանդիպել են նաև Հայաստանում։

Ծխախոտի դեմ պայքարի միջոցառումները և իրազեկումը

Մնացականյանի խոսքով՝ ծխախոտի դեմ պայքարի օրենսդրական կարգավորումները տարածվում են նաև էլեկտրոնային և տաքացվող ծխախոտային արտադրատեսակների վրա։

«Իհարկե, միայն կարգավորումները քիչ են, և դրանց կիրառությունը կապված է նաև մարդկանց գիտակցությունը բարձրացնելու հետ։ Իհարկե, պետք է իրականացվեն իրազեկման աշխատանքներ», — նշել է նա։

Նրա խոսքով՝ դպրոցներում դասավանդվող «Առողջ ապրելակերպ» առարկայի շրջանակում երեխաները տեղեկություններ են ստանում նաև ծխախոտի վնասների մասին։ Գովազդի սահմանափակումը և վաճառքի կետերում ծխախոտային արտադրատեսակների բաց ցուցադրության արգելքը ևս նպատակ ունեն կանխել երեխաների շրջանում ծխելու տարածումը։

Մնացականյանը տեղեկացրել է, որ Առողջապահության նախարարությունը մշակել է SmokeFree Armenia բջջային հավելվածը, որի միջոցով քաղաքացիները կարող են հայտնել ծխախոտի օգտագործման, վաճառքի կամ գովազդի հետ կապված հնարավոր խախտումների մասին։

Նա նաև հիշեցրել է, որ ծխելը թողնելու դժվարություններ ունեցող քաղաքացիները կարող են դիմել նախարարության ծխախոտի դադարեցման խորհրդատվության թեժ գծին և անվճար օգնություն ստանալ փորձառու հոգեբաններից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդվել բժշկի՝ դեղորայքային բուժում ստանալու համար։