Փաշինյանն անիրատեսական է համարել 2026թ․–ին Հայաստանում ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացումը
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. 2026 թվականին Հայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը անիրատեսական է, քանի որ երկիրը դեռևս պաշտոնապես չի դիմել ԵՄ անդամակցության համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում ենք, որ Հայաստանում այդ հարցով հանրաքվե անցկացնելու համար պետք կլինի առնվազն, որ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանն անդամագրվելու հարցով։ Դեռևս չենք դիմել անդամագրվելու հարցով, հետևաբար այս տարի հանրաքվե անելն անիրատեսական է», - ասել է Փաշինյանը RFI-ին տված հարցազրույցում։
Վարչապետը հաստատել է, որ ԵՄ անդամակցության համար դիմումը ՀՀ իշխանությունների նպատակներից մեկն է, բայց ընդգծել է, որ դիմելն ինքնանպատակ չէ։
«Եթե ինձ հարց տաք, թե Հայաստանի Հանրապետությունն այսօր պատրա՞ստ է լինել Եվրոպական միության անդամ, ես անկեղծ կասեմ, որ՝ ոչ, որովհետև մենք դեռ շատ բարեփոխումներ պետք է իրականացնենք, որպեսզի համապատասխանենք այդ չափանիշներին», - հայտարարել է նա։
Փաշինյանի խոսքով` դիմում ներկայացնելը ենթադրում է գործընթացի հասունացվածության որոշակի մակարդակ, և դիմելը պարզապես դիմելու համար այդքան էլ տրամաբանական չէ։
Վարչապետը նշել է, որ Հայաստանը ակտիվորեն աշխատում է Եվրամիության հետ բարեփոխումները կյանքի կոչելու գործում, այդ թվում՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» պայմանագրի շրջանակում:
Պատասխանելով ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ միաժամանակ մերձենալու հնարավորության մասին հարցին՝ միաժամանակ պահպանելով Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները, Փաշինյանը նշել է, որ կառավարությունների և քաղաքական գործիչների խնդիրն է լուծել անլուծելի հարցերը:
«Կառավարությունների և քաղաքական գործիչների խնդիրն անլուծելի հավասարումներ լուծելն է, որովհետև եթե անլուծելի հավասարումներ չլինեին, ո՛չ կառավարության կարիք կլիներ, ո՛չ քաղաքական գործիչների կարիք կլիներ, ո՛չ էլ ընդհանրապես քնարկումների կարիք կլիներ», - ասել է վարչապետը։

