ԱԺ-ն հաստատել է Երևանում COP17-ի անցկացման վերաբերյալ համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստում 68 կողմ, 18 դեմ և 3 ձեռնպահ ձայներով հաստատել է Երևանում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականին Նյու Յորքում և սահմանում է Հայաստանի կառավարության ու կոնվենցիայի քարտուղարության փոխադարձ պարտավորությունները համաժողովի կազմակերպման և անցկացման հարցերում։
Ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, COP17-ը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 18–30-ը։ Համաձայնագրով կարգավորվում են համաժողովի անցկացման վայրի, ենթակառուցվածքների, անվտանգության, տրանսպորտային և բժշկական ծառայությունների, պատվիրակությունների ընդունելության ու լրատվամիջոցների աշխատանքի կազմակերպման հարցերը։
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ համաժողովին ակնկալվում է շուրջ 15 հազար մասնակցի այց աշխարհի մոտ 190 երկրից։ Նրա գնահատմամբ՝ միջոցառումը կնպաստի Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը և տնտեսական ակտիվության խթանմանը։
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են համաժողովի կազմակերպման ծախսերին, բյուջետային հատկացումներին և պետական միջոցների արդյունավետ օգտագործման հարցերին։
COP17-ը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման հարցերին նվիրված միջազգային կարևորագույն համաժողովներից է, որի ընթացքում ընդունվում են գլոբալ նշանակության որոշումներ։
COP17-ի մասին
2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Միջոցառումը կհամախմբի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչներին։
Համաժողովի հիմնական թեման կլինի 2022 թվականին ընդունված «Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության համաշխարհային շրջանակային ծրագրի» կատարման առաջին գլոբալ գնահատումը։
Այն նախատեսում է մինչև 2030 թվականը հասնել 23 նպատակների, այդ թվում՝ մոլորակի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30%-ի պահպանմանը։
Համաժողովին ընդառաջ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանում նախատեսված է առաջնորդների գագաթնաժողովը, իսկ հոկտեմբերի 27-28-ը տեղի կունենա պաշտոնական հատվածը՝ նախարարների մասնակցությամբ։

