Կրպակատերերը բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց

12.10.2026, 12:25
Շինարարների փողոցի կրպակատերերը բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց
Կրպակատերերը բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Շինարարների փողոցի կրպակատերերը բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենց տեղեկացրել են, որ իրենց խանութները պետք է ապամոնտաժվեն։

«Խոսքը չի գնում անօրինական կառույցների մասին։ Խոսքը գնում է մեր օրինական՝ սեփականության վկայականներով իրավունքի մասին, մեր սեփական գույքի մասին», - նշել է կրպակատերերեից մեկը։

Մասնակիցների խոսքով՝ ապամոնտաժման մասին իրենց զգուշացրել են ընդամենը 1-2 օր առաջ, ինչը բավարար ժամանակ չէ խանութները հավաքելու և տարածքն ազատելու համար։

Կրպակատերերը նշում են, որ իրենց հետ պետք է հանդիպում կազմակերպվի, քննարկվի հարցը և ներկայացվի ապամոնտաժման իրավական հիմքերը։

Ավելի վաղ այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատվեն բոլոր կրպակներից։

«Շինարարների փողոցի մայթերը, այո՛, պետք է ազատվեն բոլոր կրպակներից, և պետք է վերադարձվի այդ ամբողջ մայթը, փողոցը աջափնյակցիներին»,– ասել է Ավինյանը։