Մետրոյի «Սուրմալու» կայարանի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին. քաղաքապետարան
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Սուրմալու առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման և քաղաքաշինական ներդրումային համալիր ծրագրի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին հայտնել է Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը։
«Այս ուղղությամբ մենք երկու խորհրդատվական պայմանագիր էինք կնքում. մեկը՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրության և ծրագրի նախապատրաստման, մյուսը՝ քաղաքաշինական հայեցակարգի և կայարանի էսքիզային լուծումների տրամադրման աշխատանքների։ Երկուսի մասով էլ միջանկյալ արդյունքները ստացված են, - նշել է Բաբայանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով՝ այս պահին ընթանում են աշխատանքների ամփոփման վերջնականացման գործընթացները։
«Վերջնական հաշվետվությունները ներկայացվելու են մինչև նոյեմբերի սկիզբ, և մենք արդեն պատրաստ ենք լինելու քննարկել իրականացման հստակ մեխանիզմը և առաջ գնալ», - հայտնել է Բաբայանը։
Երևանի մետրոպոլիտենի մասին
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հիմնադրվել է 1981 թվականին: Ներկայումս Երևանում գործում է մետրոյի 10 կայարան: Մետրոպոլիտենի բոլոր գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 13,4 կմ: Շաբաթական մետրոպոլիտենը փոխադրում է միջինում 515-520 հազար ուղևոր: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դիտարկվում է առնվազն չորս նոր կայարանների հայեցակարգը: Դրանց թվում են «Աջափնյակ» և «Սուրմալու» կայարանները, այնուհետև գիծը պետք է անցնի «Աջափնյակով» և ապագա Ակադեմիական քաղաքով, միանա «Չարբախ» կայարանին՝ ստեղծելով օղակաձև երթևեկության հնարավորություն:

