«50-80 000 դրամանոց իրար «կռիլո» քսած մեքենաները 15 րոպեից ավելի կանգնելու դեպքում կտուգանվեն»․ Ավինյան

12.10.2026, 10:47
Վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհին մնացած վարորդները կտուգանվեն, ասել է  Տիգրան Ավինյանը
«50-80 000 դրամանոց իրար «կռիլո» քսած մեքենաները 15 րոպեից ավելի կանգնելու դեպքում կտուգանվեն»․ Ավինյան
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Լուրջ հետևանքներ չունեցող վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհին կանգնած մեքենաների վարորդները կտուգանվեն, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«50-80 000 դրամանոց իրար «կռիլո» քսած երկու մեքենան կարող է 2 կմ-անոց խցանում ստեղծել, որովհետև եթե 3 գծանոց Մյասնիկյան պողոտայում 2 գիծը իրենք փակում են, ահռելի 2 կմ-անոց խցանում է լինում»,– ասել է Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետի խոսքով՝ Երևանի ՏԻՄ օրենքի փոփոխությունների շրջանակում հստակ տուգանք է սահմանվել այն դեպքերի համար, երբ վթարը լուրջ հետևանքներ չի ունեցել, սակայն մեքենաները 15 րոպեից ավելի մնում են ճանապարհին։

Նա նշել է, որ սա շատ հստակ մեսիջ է ապահովագրական ընկերություններին՝ ընդգծելով, որ փոխհատուցում տրամադրելու համար վարորդներից չի կարելի պահանջել ավելին, քան նշված է թղթի վրա։

«Մարդիկ դուրս եկան, նկարեցին, պետք է շարժվեն, գնան, որովհետև 15 րոպե հետո մենք կամ մեր ՆԳՆ գործընկերները ստիպված ենք լինելու գալու և այդ մարդկանց տուգանելու։ Չի կարող մեկ վթարի պատճառով ամբողջ Մյասնիկյան պողոտան կանգնել»,– ասել է Երևանի քաղաքապետը։