Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը. տուժածը հոսպիտալացվել է

11.10.2026, 19:52
Փրկարարներն ավտոմեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ այն դուրս են բերել գետից
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը. տուժածը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ,11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 06։35-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ ՆԳՆ տեղեկատվության, պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը։

Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ այն դուրս են բերել գետից և մոտեցրել ավտոքարշակին․ տուժածը հոսպիտալացվել է։