Ողբերգական վթար Լոռիում․ Lexus-ը բախվել է երկու մեքենայի, ապա վրաերթ է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներ

07.10.2026, 12:27
Մեքենայի վարորդին օգնություն ցուցաբերելու պահին Lexus-ը բախվել է ավտոմեքենաներին․ կա զոհ և վիրավորներ
Ողբերգական վթար Լոռիում․ Lexus-ը բախվել է երկու մեքենայի, ապա վրաերթ է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Արջուտ բնակավայրի վարչական տարածքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դեպի Սպիտակ ընթանալիս բախվել է կայանված «Nissan Pathfinder» և  «Lada» մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ, ինչի հետևանքով 5 մարդ, որոնցից ըստ նախնական տեղեկությունների վրաերթի է ենթարկվել 2 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Lada»-ն կայանված է եղել, երբ «Nissan»-ը օգնություն է ցուցաբերել «Lada»-ի վարորդին, քանի որ ավտոմեքենային պետք է հոսանք տար ու այդ ժամանակ «Lexus»-ը բախվել է «Nissan»-ին և «Lada»-ին, ինչից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ։

Վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բժիշկները, իսկ մեկին՝ քաղաքացիները։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։