Գողություն, հետապնդում և ձերբակալություն Երևանում․ գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում փոստային ծառայություններ մատուցող ընկերության մասնաճյուղից գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը։ Երկու անձ ձերբակալվել է։
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, նոյեմբերի 14-ի գիշերը՝ ժամը 3․30-ի սահմաններում, փոստային ծառայություններ մատուցող ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում գտնվող մասնաճյուղից հենց նոր գողություն է կատարվել։
Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչպես նաև ծառայություն իրականացնող պարեկներին։
Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկներն արագ հասել են դեպքի վայր և նկատել «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա, որի վարորդը դիմել է փախուստի։
Հետապնդման ընթացքում Հովհաննիսյան փողոցում ուղևորը մետաղադրամներ, դիմակ ու ձեռնոցներ է նետել մեքենայից։
Մտնելով փակուղի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան, խփվելով կայանված մեքենաների, կանգ է առել, իսկ վարորդն ու ուղևորը փախուստի են դիմել։
Փախուստը կանխվել է, և երկուսն էլ ձերբակալվել ու տեղափոխվել են Շենգավիթի բաժին։
Պարզվել է, որ նրանք վնասել են մասնաճյուղի դուռը, մտել ներս և գողացել զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։
Շինարարների փողոցի բնակիչ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է բժշկական դիմակ, այլ պարագաներ, նաև՝ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։
Նա և Նուբարաշենի բնակիչ 34-ամյա ընկերը կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են նախաքննական մարմին։
Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

