2027 թ.-ի ապրիլի 27-ից մայիսի 2-ը ՀՀ-ն կհյուրընկալի տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 12-րդ առաջնությունը

20.11.2026, 16:01
Քննարկվել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թ.-ի առաջնության նախապատրաստական աշխատանքները
2027 թ.-ի ապրիլի 27-ից մայիսի 2-ը  ՀՀ-ն կհյուրընկալի տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 12-րդ առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ 2027 թ.-ի ապրիլի 27-ից մայիսի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 12-րդ առաջնությունը։

Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Գերատեսչության տեղեկացմամբ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական մարմնամարզության (European Gymnastics) պատվիրակությանը՝ քննարկելու 2027 թ.-ին Երևանում կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, Եվրոպական մարմնամարզության գլխավոր տնօրեն Լիզա Վորթմանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, ինչպես նաև միջազգային և տեղական գործընկերներ։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Եվրոպական մարմնամարզության հետ համագործակցությունը՝ վերահաստատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու առաջնության բարձր մակարդակով կազմակերպմանը։

Նախարարը նշել է, որ Հայաստանը միջազգային խոշոր մարզական միջոցառումների անցկացման փորձ ունի, իսկ միջգերատեսչական համագործակցության ձևավորված մեխանիզմները կիրառվում են նաև առաջիկա առաջնության նախապատրաստական աշխատանքներում։

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել մարզական ենթակառուցվածքների պատրաստվածությանը, մասնավորապես՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցմանը, որի ավարտը նախատեսված է 2027 թվականի մարտին։

Անդրեասյանի խոսքով՝ շինարարական աշխատանքները ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի մշտական վերահսկողության ներքո են։

Անդրադառնալով մարզաձևի զարգացման հեռանկարներին՝ նախարարը նշել է, որ Հայաստանը մարմնամարզության հարուստ ավանդույթներ և միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներ ունի։ Նրա համոզմամբ՝ Եվրոպայի առաջնության անցկացումը լրացուցիչ խթան կհանդիսանա մարզաձևի զարգացման, երեխաների և պատանիների շրջանում հետաքրքրության մեծացման և նոր սերնդի մարզիկների ներգրավման համար։

Եվրոպական մարմնամարզության գլխավոր տնօրեն Լիզա Վորթմանը դրական է գնահատել նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ առանձնակի կարևորելով նոր մարզադպրոցի կառուցումը՝ որպես մարմնամարզության երկարաժամկետ զարգացմանն ուղղված ներդրում։

Միջազգային գործընկերները բարձր են գնահատել նաև հայ մարմնամարզիկների միջազգային հաջողությունները, մարզչական շտաբի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի աշխատանքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջնության համար անհրաժեշտ մարզագույքի հետ կապված հարցեր։