15-ամյա Սամվել Համբարձումյանը դարձել է ավտոմրցարշավի «Georgian Kart Masters 2026»-ի առաջնության արծաթե մեդալակիր
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սամվել Համբարձումյանը դարձել է Վրաստանում կայացած ավտոմրցարշավի «Georgian Kart Masters 2026»-ի առաջնության արծաթե մեդալակիր։
Այս մասին հայտնում է Հայկական ավտոսպորտի ակադեմիան։
Նշվում է, որ բարձր մրցակցային պայքարում Ակադեմիայի 15-ամյա մրցարշավորդ Սամվել Համբարձումյանը ցուցաբերել է կայուն արագություն ու վարման բարձր վարպետություն և նվաճել արծաթե մեդալ՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Նոյեմբերի 14-15-ը «Rustavi International Motorpark» միջազգային մրցուղում կայացած «Georgian Kart Masters 2026»-ի եզրափակիչ փուլին Հայկական ավտոսպորտի ակադեմիան (AAA/SH racing) մասնակցել է ամբողջ կազմով՝ մարզիկներով, մարզչական և տեխնիկական անձնակազմով։
«Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը չունի FIA ստանդարտներին համապատասխանող գործող ավտոմրցուղի, և մեր մարզիկները ստիպված են մարզվել արտերկրում։ Սակայն հետևողական ու թիմային աշխատանքի շնորհիվ հայ մրցարշավորդներն ապացուցում են, որ պատրաստ են պայքարել առաջատար դիրքերի համար»,-նշվում է ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ։

