Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիին Total Chess մրցաշարի եզրափակիչ փուլի առաջին օրը
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլի առաջին խաղային օրը 14,5։5,5 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիին։
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Եզրափակիչ փուլն անցկացվում է նոյեմբերի 19–20-ը։ Յուրաքանչյուր օր շախմատիստները խաղում են յոթ պարտիա՝ չորսը՝ կայծակնային, երկուսը՝ արագ և մեկը՝ դասական շախմատի ձևաչափով։
Կայծակնային շախմատում յուրաքանչյուր հաղթանակի համար մասնակիցները վաստակում են մեկ միավոր, արագ շախմատում՝ չորս, իսկ դասական շախմատում՝ ութ միավոր։
Դասական շախմատի առաջին պարտիան ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակով։
Նոյեմբերի 20-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 18։00-ին, Մարտիրոսյանն ու Էրիգաիսին կշարունակեն պայքարը։

