Ինչո՞ւ են թուրք նկարահանողներն աշխատում Երևանի «Հանրապետական» մարզադաշտում․ ՀՖՖ-ի պարզաբանումը

12.11.2026, 13:35
Թուրք նկարահանողներ՝ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում․ ի՞նչ է պարզաբանում ՀՖՖ-ն
Ինչո՞ւ են թուրք նկարահանողներն աշխատում Երևանի «Հանրապետական» մարզադաշտում․ ՀՖՖ-ի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) պարզաբանել է Երևանի «Հանրապետական» մարզադաշտում թուրք նկարահանողների ներկայությունը՝ նշելով, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի նկարահանումներն իրականացնում է բացառապես ՈՒԵՖԱ-ն, իսկ մասնագետների ընտրության գործընթացի վրա ՀՖՖ-ն որևէ ազդեցություն չունի։

Այս մասին ասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

«Ի պատասխան՝ «Հանրապետական» մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության վերաբերյալ շրջանառվող լուրերի՝ ՀՖՖ-ն հայտնում է հետևյալը.

Հեռարձակման կենտրոնացված համակարգին անցնելուց հետո՝ արդեն ավելի քան 10 տարի, Հայաստանում ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի նկարահանումներն իրականացնում է բացառապես ՈՒԵՖԱ-ն։

Միջազգային կառույցը Հայաստան է գործուղում տարբեր ազգությունների մասնագետների, այդ թվում՝ թուրք նկարահանողների։ ՀՖՖ-ն որևէ ազդեցություն չունի ՈՒԵՖԱ-ի կողմից աշխատակիցների ընտրության գործընթացի վրա։

Հարկ է ընդգծել, որ Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի ընթացիկ մրցափուլի հանդիպումների, ինչպես նաև «Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի հանդիպումների նկարահանումներն իրականացնում են նույն աշխատակիցները։

ՀՖՖ-ն վերահաստատում է, որ տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, և աշխատակիցների ընտրության հարցում ֆեդերացիան որևէ դերակատարում չունի»։