Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 13-րդ տեղը ՈՒԵՖԱ-ի վարկանիշում՝ եվրոգավաթներում անցկացրած խաղերի թվով
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 13-րդ տեղը ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերում հանդիպումների քանակով ֆուտբոլիստների վարկանիշում: Նրա ակտիվում կա 165 խաղ:
Հայ ֆուտբոլիստը շրջանցել է Թոնի Քրոոսին, ում ակտիվում կա 164 հանդիպում, և տեղակայվել է անմիջապես Լիոնել Մեսսիից, Ջանլուիջի Բուֆֆոնից և Թոմաս Մյուլերից հետո, որոնք անցկացրել են 167-ական հանդիպում, հայտնում է ՈՒԵՖԱ-ն:
Մխիթարյանը եվրոգավաթներում հանդես է եկել «Փյունիկի», Դոնեցկի «Մետալուրգի» և «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի», Լոնդոնի «Արսենալի», «Ռոմայի» և «Ինտերի» կազմում:
Վարկանիշի առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 197 հանդիպումով: Նրան հաջորդում են Պեպե Ռեյնան (192) և Իկեր Կասիլյասը (188):
Հաշվարկի ժամանակ հաշվի են առնվում հանդիպումները Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի լիգայում, Կոնֆերենցիաների լիգայում, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի այլ ակումբային մրցաշարերում, այդ թվում՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Գավաթակիրների գավաթը:

