Հստակեցվել են ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների գործառույթները․ որ հարցերով կարող են դիմել քաղաքացիները
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանել է, թե կենսաչափական նոր համակարգի ներդրումից հետո ինչ գործառույթներ են շարունակում իրականացնել ծառայության տարածքային ստորաբաժանումները։
ՄՔԾ-ի հաղորդմամբ՝ տարածքային ստորաբաժանումները շարունակում են սպասարկել հետևյալ հարցերը․
-Հանրային ծառայությունների համարանիշի հետ կապված հարցեր,
-Ընտրություններին, մասնավորապես՝ ընտրողների ցուցակներին առնչվող հարցեր և տեղական ռեգիստրի վարում,
-Բնակության հասցեով հաշվառում և հաշվառումից հանում,
-Բնակչության պետական ռեգիստրում անձանց տվյալների ճշգրտության հետ կապված աշխատանքներ,
-ՄՔԾ լիազորությունների շրջանակում խորհրդատվության և աջակցության տրամադրում։
Միաժամանակ ծառայությունը հիշեցրել է, որ նոյեմբերի 1-ից անձնագրերի և նույնականացման քարտերի ստացման համար նախագրանցման, կենսաչափական տվյալների հավաքագրման, փաստաթղթերի տպագրման և քաղաքացիներին հանձնման գործառույթներն իրականացնում է «HayPass» ընկերությունը։

