Գրում են՝ «տարոսը քո երեխային»․ Սրբուհի Գալյանը հուզվեց և հեռացավ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ճեպազրույցի ժամանակ հուզվել է՝ պատասխանելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին հարցերին, ապա ավարտել ճեպազրույցը և հեռացել։
«Շատ նուրբ և շատ էմոցիոնալ հարց է: Ցավալի է, որ թիրախավորվում են նաև ծառայողները, թիրախավորում եմ նաև ես։ Շատ ծանր հարց է, նաև ինձ համար: Ես կարող եմ հասկանալ ժողովրդի նյարդային լինելը, իհարկե, միշտ սահմաններ կան, որը խորհուրդ չի տրվում անցնել: Ես ամեն ինչ կարող եմ հասկանալ, բայց հիմա, օրինակ, երբ գրում են «տարոսը քո երեխային»․․․»,- նշել է Գալյանը և ավարտել ճեպազրույցը:
Ավելի վաղ Քրեակատարողական հիմնարկների լրատվականից հայտնել էին, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, շտապօգնության անձնակազմն արձանագրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող՝ 1980 թվականին ծնված կալանավորված անձի (Արսեն Գևորգյանի խմբ.) կենսաբանական մահը։
Արսեն Գևորգյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ։

