ՀԱՊԿ–ն որոշեց զրկել Հայաստանին ձայնի իրավունքից․ ի՞նչ է դա նշանակում

11.11.2026, 21:33
Ներկայացնում ենք հիմնական տեղեկատվությունն ընդունված որոշման, դրա իրավական հիմքերի և Երևանի դիրքորոշման մասին
ՀԱՊԿ–ն որոշեց զրկել Հայաստանին ձայնի իրավունքից․ ի՞նչ է դա նշանակում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհուրդը Մոսկվայում կայացած գագաթնաժողովում որոշում է ընդունել Հայաստանին զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից և սահմանափակել հանրապետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու հնարավորությունը:

Որոշումը կապված է անդամավճարների գծով պարտքի հետ, որի մասին հայտարարել է ռուսական կողմը

«Նովոստի-Արմենիա»-ն ներկայացնում է հիմնական տեղեկատվությունն ընդունված որոշման, դրա իրավական հիմքերի և Երևանի դիրքորոշման մասին:

Ի՞նչ որոշում է ընդունվել

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում հաստատվել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու մասին որոշումը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ձայնի իրավունքի և ներկայացուցիչներ նշանակելու իրավունքի սահմանափակումը կապված է մի քանի տարվա ընթացքում կազմակերպության առջև ֆինանսական պարտավորությունները Հայաստանի կողմից չկատարելու հետ:

Ի՞նչ է նախատեսում ՀԱՊԿ Կանոնադրությունը

ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետության կողմից երկու տարվա ընթացքում կազմակերպության բյուջեի առջև պարտքը չմարելու դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունում այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը կասեցնելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին:

Սահմանափակումները գործում են մինչև պարտքի ամբողջական մարումը:

Ի՞նչ է հայտնի անդամավճարների մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-ին հայտարարել է, որ Հայաստանը 2024 թվականից չի փոխանցում վճարները ՀԱՊԿ բյուջե:

2025 թվականի վճարումները չփոխանցելու փաստն ավելի վազ հաստատել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արաբատ Միրզոյանը: 2026 թվականի հունիսի 8-ին ելույթ ունենալով 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ նա հայտարարել էր, որ հանրապետությունը չի փոխանցել ՀԱՊԿ վճարները, քանի որ չի մասնակցել կազմակերպության գործունեությանը:

Նոյեմբերի 11-ի որոշման հիմք հանդիսացած պարտքի չափն ուսումնասիրված նյութերում չի հստակեցվում:

Արդյոք որոշումը նշանակու՞մ է Հայաստանի հեռացում ՀԱՊԿ–ից

Ո՛չ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը նոյեմբերի 11-ին հայտնել է, որ կազմակերպությունից Հայաստանի հեռացման հարցը գագաթնաժողովում չի քննարկվել:

Նրա խոսքով՝ պարտքի մարումը թույլ կտա վերականգնել Հայաստանի հնարավորություններն՝ իր ներկայացուցիչներին ուղարկելու և կազմակերպության աշխատանքներին մասնակցելու մասով:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ նույնիսկ սահմանափակող միջոցառումների ընդունումից հետո Հայաստանի համար կպահպանվեն Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված հիմնական իրավունքները՝ ներառյալ հավաքական անվտանգության իրավունքը:

Երևանի դիրքորոշումը
Հայաստանը ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին հայտարարել է 2024 թվականի փետրվարին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա բացատրում էր նրանով, որ Կազմակերպությունը չի կատարել իր պարտավորություններն անվտանգության ոլորտում:

2026 թվականի նոյեմբերի 5-ին, մեկնաբանելով ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը, Փաշինյանը հայտարարեց, որ կազմակերպությունում հայկական կողմի հետաքրքրությունները սպառված են:

Ընդ որում, Հայաստանը ՀԱՊԿ–ից պաշտոնապես դուրս չի եկել։ Հանրապետությունը շարունակում է մնալ կազմակերպության անդամ պետություն: