«Արդարություն՝ Արսեն Գևորգյանի համար»․ «Ուժեղ Հայաստանը» ակցիա է անցկացնում ԵՄ գրասենյակի դիմաց

11.11.2026, 12:28
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ակցիա են իրականացնում Հայաստանում ԵՄ ներկայացուցչության գրասենյակի դիմաց
«Արդարություն՝ Արսեն Գևորգյանի համար»․ «Ուժեղ Հայաստանը» ակցիա է անցկացնում ԵՄ գրասենյակի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ակցիա են իրականացնում Հայաստանում ԵՄ ներկայացուցչության գրասենյակի դիմաց։

Ակցիայի մասնակիցները պահանջում են արդարություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան գործով։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ ԵՄ-ն կարձագանքի Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և կբարձրաձայնի դրանք։

«Եկել ենք ԵՄ դեսպանատան դիմաց, որովհետև կարծում ենք, որ այն պահվածքը, այն լռությունը, որ կա այսօր, հիմնավորված չէ», - ասել է Հովսեփյանը ակցիայի ժամանակ։

Հովսեփյանը նշել է, որ Գևորգյանը, իրենց գնահատմամբ, քրեակատարողական հիմնարկում էր իր ընդդիմադիր քաղաքական հայացքների և Ստեփանավանում ընդդիմադիր քաղաքական ուժը ներկայացնելու պատճառով։

«Սա է հիմնական մեր պահանջը, որ ընդդիմադիր լինելը չպետք է լինի քրեորեն պատժելի»,- ասել է պատգամավորը։

Ավելի վաղ Քրեակատարողական հիմնարկների լրատվականից հայտնել էին, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, շտապօգնության անձնակազմն արձանագրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող՝ 1980 թվականին ծնված կալանավորված անձի (Արսեն Գևորգյանի խմբ.) կենսաբանական մահը։

Արսեն Գևորգյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ։

Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Գևորգյանի ինքնազգացողությունը վատանալու ժամանակ նրան զննել է բուժակը, շտապօգնության կանչը չի տրվել առավել սեղմ ժամկետներում և անգամ դրանից հետ, իսկ բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ միայն նրա մահվանից հետո։

Փաստաբանական թիմը հայտարարել է, որ հետևողական է լինելու Գևորգյանի մահվան հանգամանքների պատշաճ քննությանը։