Ե՞րբ է շտապ օգնությունը մտել խուց․ Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․

11.11.2026, 15:46
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
Ե՞րբ է շտապ օգնությունը մտել խուց․ Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը։

«Հաշվի առնելով հանրային շրջանակներում քննարկումները, ինչպես նաև անհարկի շահարկումները բացառելու համար՝ ստորև ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձ Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների միջոցով 2026 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալները՝ համապատասխան ժամանակագրությամբ։

1. Ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին և զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչև ժամը 07:38-ը։
2. Ժամը 07:40-ին ծառայողը ևս մեկ անգամ մոտենում է խցին և զրուցում մինչև ժամը 07:41-ը։
3. Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին։
4. Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, և բուժքույրը մուտք է գործում ներս։
5. Ժամը 07:45-ին բուժքույրը դուրս է գալիս խցից շտապ օգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։
6. Ժամը 07:51-ին ծառայողը ևս մեկ անգամ բացում է խուցը, և բուժքույրը գտնվում է այնտեղ մինչև ժամը 07:58-ը։
7. Ժամը 08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։
8. Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։
9. Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով։
10. Ժամը 08:27-ից մինչև 08:33-ը քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվում է անձի կենսաբանական մահը։

Այսօր ավելի վաղ Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Գևորգյանի ինքնազգացողությունը վատանալու ժամանակ նրան զննել է բուժակը, շտապօգնության կանչը չի տրվել առավել սեղմ ժամկետներում և անգամ դրանից հետ, իսկ բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ միայն նրա մահից հետո։

Փաստաբանական թիմը հայտարարել էր, որ հետևողական է լինելու Գևորգյանի մահվան հանգամանքների պատշաճ քննությանը։

Նախօրեին Քրեակատարողական հիմնարկների լրատվականից հայտնել էին, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, շտապօգնության անձնակազմն արձանագրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող՝ 1980 թվականին ծնված կալանավորված անձի (Արսեն Գևորգյանի խմբ.) կենսաբանական մահը։

Արսեն Գևորգյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ։