Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը 6 դրվագից 2-ի մասով հերքել է հիմնավոր կասկածի առկայությունը․ փաստաբան

11.11.2026, 13:38
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննության ընթացքում դատարանը ներկայացված 6 դրվագներից 2-ի մասով հերքել է հիմնավոր կասկածի առկայությունը, հայտնել է փաստաբանը
Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը 6 դրվագից 2-ի մասով հերքել է հիմնավոր կասկածի առկայությունը․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննության ընթացքում դատարանը ներկայացված 6 դրվագներից 2-ի մասով հերքել է հիմնավոր կասկածի առկայությունը։ Այս մասին հայտնել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ այդ դրվագներից մեկը վերաբերում էր «Օրանժ ֆիթնեսին»։

«Դատարանը հերքեց ևս մեկ դրվագ, երրորդ դրվագին անդրադարձ չկատարվեց։ Միակ դրվագները, որոնք մնացել են քննարկվող, «Փլեյ Սիթիի» հետ կապված կտորն է և «Կապուտակ Սևանի» հետ կապված կտորը։ Դրանց հետ կապված նաև Պարոնյանում որոշ գույքերի ձեռքբերում», – ասել է Օրբելյանն ասուլիսի ժամանակ։

Փաստաբանը պարզաբանել է, որ դատարանը հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ իր դիրքորոշումը պատճառաբանել է նրանով, որ պաշտպանական կողմը չի ներկայացրել այն հերքող ապացույցներ։

«Դատարանը ոչ թե հերքել է այն տրամաբանությամբ, որ հիմնավոր կասկած կա, այլ, համարյա ցիտում եմ, ասում է՝ պաշտպանական կողմը չներկայացրեց ապացույց, որով կհերքվեր», – նշել է նա՝ ներկայացնելով դատարանի որոշման համատեքստը։

Օրբելյանի գնահատմամբ՝ Քոչարյանի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի և կիրառվում է որպես պատժի գործիք։

«Նախագահի կալանավորումն ուղիղ կապ ունի ընտրական գործընթացների հետ՝ ԱԺ-ի և համայնքային։ Ժամանակագրական ամբողջությամբ տեղավորվում է», – ասել է Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքում մատնանշել է Հայաստանի Սահմանադրության և Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք խախտումներ։ Պաշտպանական կողմն ակնկալում է, որ Վերաքննիչ դատարանը սեղմ ժամկետում կքննի բողոքն ու կբեկանի որոշումը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի օգոստոսին Հայաստանի գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել ինը դրվագով, որոնք առնչվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, կաշառք ստանալուն և փողերի լվացմանը։

Օգոստոսի 27-ին դատարանը նրան կալանավորել էր երկու ամիս ժամկետով։ Հոկտեմբերի 23-ին Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։