Կորեայում ավտոբուսը բախվել է 32 ավտոմեքենայի․ կա 57 տուժած (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կորեայի Հանրապետությունում քաղաքային ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի, ինչի հետևանքով տուժել է 57 մարդ, հայտնում է SBS News-ը։
Վարորդը ոստիկանության հարցաքննության ժամանակ հայտնել է, որ արգելակները չեն աշխատել։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ի առավոտյան՝ ժամը 07:30-ի սահմաններում, Կորեայի Հանրապետության Սոննամ քաղաքի Բունդանգ շրջանում։ Ավտոբուսը բախվել է լուսացույցի մոտ կանգնած շուրջ 30 մեքենայի, ապա մխրճվել ճանապարհի բաժանարար պատնեշի մեջ։
SBS News-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով տուժածների թվում են նաև ավտոբուսի ուղևորները։ Նրանցից 9-ը ծանր վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Վթարի մասնակից 32 տրանսպորտային միջոցներից 27-ը մարդատար ավտոմեքենաներ են, 4-ը՝ ավտոբուսներ, մեկը՝ բեռնատար։
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներին ներգրավվել է 45 աշխատակից և 18 միավոր տեխնիկա։ Դեպքի մասին ահազանգ ստանալուց շուրջ 10 րոպե անց տարածքում ստեղծվել է շտապ բժշկական օգնության կետ, իսկ մասնագիտացված բուժաշխատողները շտապօգնության մեքենաներում տուժածներին ցուցաբերել են անհետաձգելի բուժօգնություն։
Ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունները փակել են վթարի վայրի երկու ուղղությունները՝ շուրջ 150 մետր հատվածով, ինչի հետևանքով առավոտյան ժամերին առաջացել են խցանումներ։
Վարորդը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։ Ոստիկանությունը նախատեսում է պարզել՝ արդյոք նա թմրանյութերի ազդեցության տակ է եղել, ինչպես նաև ուսումնասիրել տրանսպորտային միջոցների տեսագրությունները և մոտակայքում տեղադրված տեսախցիկների տվյալները՝ վթարի հանգամանքները պարզելու համար։

