15-ամյա աղջիկն արթնացել է դագաղում սեփական հոգեհանգստի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Գվատեմալայում 15-ամյա Յուլեյդի Իքստոյակը գիտակցության է եկել սեփական հոգեհանգստի ժամանակ այն բանից հետո, երբ ընտանիքի անդամները նրան մոտ 8 ժամ մահացած են համարել։
Ինչպես հայտնում է Pulse Nigeria-ն, աղջկա մայրը՝ Լեսվիա Ռիոսը, դագաղի ներսում շարժում է նկատել, երբ սգում էր դստեր մահը։ Դրանից հետո աղջիկը նստել է դագաղում։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ Գվատեմալայի Կիչե դեպարտամենտի Սակապուլաս համայնքի Էլ Խոկոտե գյուղում։
Ինչ է տեղի ունեցել
Աղջկա հոր՝ Աբրահամ Իքստոյակ Տոխինի խոսքով՝ դուստրը վատ է զգացել իրեն և կորցրել գիտակցությունը, երբ ինքը նրան մեքենայով հիվանդանոց էր տեղափոխում։ Ճանապարհին հայրը նկատել է, որ աղջիկը, իր կարծիքով, չի շնչում, և չի կարողացել զարկերակ զգալ նրա դաստակներին։
Համարելով, որ դուստրը մահացել է՝ հայրը դադարեցրել է ճանապարհը դեպի հիվանդանոց, դագաղ է ձեռք բերել և վերադարձել տուն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ աղջկա մահը բժիշկը չէր հաստատել, և մահվան վկայական չէր տրվել։
Ընտանիքի անդամները, հարևաններն ու եկեղեցականները հավաքվել էին հոգեհանգստի համար, երբ մայրը նկատել է, որ դուստրը դագաղում շարժվում է։ Աղջկան օգնել են դուրս գալ դագաղից։
Աղջկա առողջական վիճակը
Աղջիկը պատմել է, որ մինչ գիտակցությունը կորցնելը կրծքավանդակում ուժեղ ցավ և ծանրության զգացում է ունեցել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպից հետո աղջկան բժշկական զննության են տեղափոխել։ Ընտանիքի փոխանցմամբ՝ նա գիտակից է և ապաքինվում է։ Ակնկալվում է, որ բժշկական հետազոտությունները կօգնեն պարզել գիտակցության կորստի պատճառը։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել՝ պարզելու, թե ինչպես է աղջիկը մահացած համարվել առանց բժշկական հաստատման։

