Մատենադարանի համար ձեռք կբերվի երկու հնագույն հայկական ձեռագիր․ կառավարությունը հատկացրել է 148,5 մլն դրամ

22.10.2026, 16:58
Ձեռագրերի գնահատված արժեքը համապատասխանաբար 250 հազար և 95 հազար եվրո է
Մատենադարանի համար ձեռք կբերվի երկու հնագույն հայկական ձեռագիր․ կառավարությունը հատկացրել է 148,5 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում որոշել է պահուստային ֆոնդից 148,5 մլն դրամ (շուրջ 365 հազար եվրո) հատկացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ Մատենադարանի համար երկու հնագույն հայկական ձեռագիր ձեռք բերելու նպատակով։

Խոսքը Ջեսելսոնի մասնավոր հավաքածուի հինգ հայկական ձեռագրերից երկուսի մասին է՝ 1353 թվականին Դրազարկում Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուի և 1695 թվականին Նոր Ջուղայում (Սպահան) Ազարիա գրչի ընդօրինակած ու ծաղկած Ավետարանի։

Ձեռագրերի գնահատված արժեքը համապատասխանաբար 250 հազար և 95 հազար եվրո է։

Ինչպես կառավարության նիստում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ավստրիայում գտնվող մասնավոր հավաքածուի սեփականատերը վաճառքի է ներկայացրել հինգ հայկական ձեռագիր, որոնց ձեռքբերման պայմանների շուրջ բանակցություններ է վարել Մատենադարանը։

«Մասնավորապես, այս հինգ ձեռագրերի համար նախապես 600 հազար եվրո արժեքն իջեցվել է մինչև 505 հազար եվրո՝ ներառյալ բոլոր հարկերն ու այլ վճարները։ Ինչպես նաև սեփականատերը համաձայնել է Մատենադարանին շնորհել առաջնահերթ գնորդի կարգավիճակ՝ վեց ամիս ժամկետով, ինչը հնարավորություն է տալիս համապատասխան միջոցների առկայության դեպքում այս ձեռագրերը ձեռք բերել», – ասել է Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով երկու ձեռագրերի պատմամշակութային և գիտական արժեքը՝ որոշվել է դրանք ձեռք բերել պետական աջակցությամբ։

Անդրեասյանը նշել է նաև, որ այս որոշումից հետո վերջին երեք տարիների ընթացքում Մատենադարանի համար ձեռք բերված ձեռագրերի թիվը կհասնի չորսի։

Ի՞նչ ձեռագրեր է ձեռք բերում Մատենադարանը

Սարգիս Պիծակի ժողովածու, 1353 թվական

Ձեռագրերից առավել հինը 1353 թվականին Դրազարկում Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուն է, որի գնահատված արժեքը 250 հազար եվրո է։

Այն բովանդակում է ճառեր, սրբերի վարքեր և պարականոն բնագրեր։ Մանրանկարչությունը զուսպ է՝ բնորոշ համանման ձեռագրերին. այն հիմնականում սահմանափակվում է զարդատառ գլխագրերով և սրբերին պատկերող լուսանցային մանրանկարներով։

Ձեռագիրն ունի նաև պատառիկ-պահպանակներ, որոնք պարունակում են հատվածներ Ղուկասի Ավետարանից։ Պատառիկների հիմնական գիրը բոլորգիծ երկաթագիրն է՝ ուղղագիծ երկաթագրի առանձին դրսևորումներով։ Հնագրական հատկանիշներով պատառիկ-պահպանակները թվագրվում են 10–11-րդ դարերով։ 

Թեև ձեռագիրն իր վաղեմությամբ, գրչավայրով, պարունակած բնագրերով, պատառիկ-պահպանակներով և հարուստ հիշատակարաններով արդեն իսկ բացառիկ արժեք ունի, դրան ավելանում է նաև մատյանն ընդօրինակած գրչի և ծաղկողի՝ Սարգիս Պիծակի գործոնը։ Պիծակը կիլիկյան մանրանկարչական արվեստի լավագույն ներկայացուցիչներից և հայկական մանրանկարչության երևելի դեմքերից է։ 

 Նա նաև արդյունաշատ գրիչ է եղել։ Պիծակից մեզ հայտնի է շուրջ չորս տասնյակ մատյան, որոնցից չորսը պահպանել են գրիչ-ծաղկողի ինքնանկարը։ Մատենադարանում ներկայումս պահվում է Պիծակի գրչին պատկանող կամ նրան վերագրվող ավելի քան տասը ձեռագիր։ Ձեռք բերվող ձեռագիրը Պիծակի ուշ շրջանի գործերից է։

Մեզ հայտնի չէ 1353 թվականից հետո Պիծակի ընդօրինակած և ծաղկած որևէ այլ մատյան, ինչն այս ձեռագրին հաղորդում է նաև առանձնահատուկ կենսագրական և արվեստաբանական նշանակություն։ Առանձնահատուկ արժեք ունի նաև ձեռագրի կազմին ամրացված փղոսկրե հարթաքանդակը, որը մինչ օրս բավարար գիտական ուսումնասիրության չի արժանացել։ Ձեռագրի և փղոսկրե հարթաքանդակի մեկ ամբողջության մեջ պահպանումը բացառիկ հնարավորություն է դրա ծագման, թվագրման և գործառույթի հետագա ուսումնասիրության, ինչպես նաև միջնադարյան ձեռագրական և կիրառական արվեստների փոխառնչությունների բացահայտման համար։

Ազարիայի Ավետարան, 1695 թվական

Երկրորդ մատյանը 1695թ. Սպահանում՝ Նոր Ջուղայում, Ազարիա գրչի ընդօրինակած և առատորեն ծաղկած Ավետարանն է (գնահատված արժեքը՝ 95,000 եվրո)։

Տերունական պատկերները, սուրբգրային տեսարաններն արտացոլող մանրանկարները, խորանների ներքո տեղադրված համաբարբառային աղյուսակները, լուսանցազարդերն ու զարդատառերն աչքի են ընկնում հարուստ գունաշարով և Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցին բնորոշ նուրբ գծանկարչությամբ։ Ազարիան հայտնի գրիչ և ծաղկող է, նրանից մեզ հայտնի են նաև այլ ձեռագրեր, իսկ այս մատյանը վստահորեն կարելի է դասել Նոր Ջուղայի դպրոցի լավագույն նմուշների շարքին։