Բելգիայի Գենտի համալսարանում հայագիտական դասընթացներ կանցկացվեն
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի միջև հեռավար ձևաչափով ստորագրվել է հայագիտական դասընթացներ իրականացնելու մասին փոխըմբռնման հուշագիր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հուշագիրը ստորագրել են Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և Գենտի համալսարանի ռեկտոր Պետրա դե Սուտերը:
Հուշագրի շրջանակում Գենտի համալսարանում կիրականացվեն Հայաստանի մշակույթի և պատմության դասընթացներ, կկազմակերպվեն աշխատաժողովներ, սեմինարներ, թեմատիկ գիտական օրեր, գործող դասընթացների շրջանակում կմշակվեն ուսումնական մոդուլներ, ինչպես նաև կկազմակերպվեն հայագիտությանը վերաբերող հանրային իրազեկման միջոցառումներ:
ԿԳՄՍՆ-ից նշում են, որ նախարարությունը, նպատակ ունենալով խթանել ամբողջ աշխարհում հայագիտության տարածումն ու զարգացումը, համագործակցում է աշխարհի առաջատար համալսարանների հետ՝ ֆինանսավորելով հայագիտական առարկաների՝ հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի դասավանդումն ու ուսումնասիրությունը, հետազոտական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:
«Ներկայում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ 11 երկրի 14 առաջատար համալսարաններում (Հռոմի Լա՛Սապիենցա, Վենետիկի Կա՛Ֆոսկար, Զալցբուրգի համալսարաններ, Մադրիդի Կոմլյուտենս, Արգենտինայում՝ Քեննեդիի և Ռոսարիոյի համալսարաններ, Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան, Թրակիայի Դեմոկրիտ համալսարան, Կահիրե համալսարան և այլն) գործող հայագիտական կենտրոններում և ամբիոններում կազմակերպվում են դասընթացներ, իրականացվում են գիտական ու հետազոտական աշխատանքներ», – նշում են նախարարությունից։
Յուրաքանչյուր տարի վերոնշյալ համալսարանների թիվն ավելանում է՝ ընդլայնելով համագործակցության աշխարհագրությունը և ապահովելով հայագիտական կրթության ու գիտության շարունակական զարգացումը։ Հայագիտական կենտրոնների միջև համագործակցության ամրապնդումը և միջազգային ակադեմիական շրջանակներում հայագիտության տեսանելիության բարձրացումը պետական քաղաքականության առանցքային ուղղություն են դիտվում։
«Կարևորելով հայագիտական կենտրոնների գործունեության արդյունավետությունը և միջազգային համագործակցության ընդլայնումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շարունակաբար աջակցում է դրանց զարգացմանը՝ նպաստելով նոր կրթական ու հետազոտական նախաձեռնությունների իրականացմանը, գիտական փորձի փոխանակմանը և հայագիտական ուսումնասիրությունների կայունության ապահովմանը», - նշում են նախարարությունից։

