Սիմոն Աբգարյանը կգլխավորի հայտնի Théâtre du Soleil–ը

27.11.2026, 14:58
Ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը 2027թ․–ի սեպտեմբերին կգլխավորի Théâtre du Soleil–ը՝ Ֆրանսիայի թատերական արվեստի առաջատար կենտրոններից մեկը
Սիմոն Աբգարյանը կգլխավորի հայտնի Théâtre du Soleil–ը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը 2027թ․–ի սեպտեմբերին կգլխավորի Théâtre du Soleil–ը՝ Ֆրանսիայի թատերական արվեստի առաջատար կենտրոններից մեկը, որը հիմնադրվել է 1964 թվականին։

Այս մասին AFP գործակալությանը հայտնել է թատրոնի հիմնադիր և ղեկավար Արիան Մնուշկինան, փոխանցում է L'Orient-Le Jour-ը։

. «Նա մեզ հետ կսկսի աշխատել արդեն 2027 թվականի գարնանը, իսկ սեպտեմբերին կգլխավորի թատրոնը», — հստակեցրել է 87-ամյա Մնուշկինան։

Աբգարյանն այս թատերախմբի կազմում իր նորամուտը նշել է 1985 թվականին։ Le Monde թերթին տված հարցազրույցում դերասանը, որի ընտանիքը ծագումով Հայաստանից է, և որը մի քանի տարի ապրել է Բեյրութում, հայտարարել է ժողովրդական, տոնական և բոլորի համար հասանելի թատրոնի ավանդույթները շարունակելու մտադրության մասին։

64-ամյա Աբգարյանը դերասանական և ռեժիսորական աշխատանքի համար արժանացել է «Մոլիեր» չորս թատերական մրցանակի։ Անտոնեն Բոդրիի կինոդիլոգիայում Շառլ դը Գոլի կերպարի նրա մարմնացումն արժանացել է քննադատների բարձր գնահատականին, և Աբգարյանին դարձրել է 2027 թվականի «Սեզար» մրցանակի լուրջ հավակնորդ։

Աբգարյանի առավել հայտնի աշխատանքների թվում են Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու դերը Ռիչարդ Կալինովսկու «Լուսնային հրեշը» պիեսում, անտագոնիստներից մեկի դերը «Կազինո Ռոյալ» (2006) ֆիլմում, ինչպես նաև ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի դերը «Հանցագործների բանակը» (2009) ֆիլմում։

Արիան Մնուշկինան կլքի Ֆրանսիայի ամենահայտնի թատերախմբերից մեկի ղեկավարի պաշտոնը՝ կոլեկտիվի ղեկին ավելի քան 60 տարի աշխատելուց հետո։

Կարդացեք նաև․ «Մենք բոլորս սիրո կարիք ունենք»․ Սիմոն Աբգարյանը՝ դը Գոլի, հայկական ինքնության և «Կազինո Ռոյալ»–ի մասին