Հայտնի են «Ավատար» ֆիլմաշարի 4-րդ և 5-րդ մասերի թողարկման ամսաթվերը
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Ավատար» ֆիլմաշարի չորրորդ մասի թողարկումը նախատեսված է 2029 թվականի դեկտեմբերի 21-ին, իսկ հինգերորդինը՝ 2031 թվականի դեկտեմբերի 19-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Ավատարի» պաշտոնական կայքից։
Կայքում ներկայացված տեղեկությունների համաձայն՝ չորրորդ և հինգերորդ ֆիլմերում նկարահանվելու են նաև Միշել Յեոն՝ դոկտոր Կարինա Մոգի, Ունա Չապլինը՝ Վարանգի, և Ջովանի Ռիբիսին՝ Փարքեր Սելֆրիջի դերերում։
«Ավատար» ֆիլմաշարի առաջին մասը թողարկվել է 2009 թվականին, երկրորդը՝ «Avatar: The Way of Water»-ը՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին, իսկ երրորդը՝ «Avatar: Fire and Ash»-ը՝ 2025 թվականի դեկտեմբերի 19-ին։
Ֆիլմաշարի բոլոր մասերի ռեժիսորը կանադացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնն է։
«Ավատարը» գիտաֆանտաստիկ արկածային ֆիլմաշար է, որի գործողությունները ծավալվում են Պանդորա մոլորակում։ Պատմության կենտրոնում նախկին ծովային հետևակային Ջեյք Սալլին և նրա ընտանիքն են, ինչպես նաև Պանդորայի բնիկների՝ Նավի ժողովրդի կյանքը։
Ֆիլմաշարը մեծ հաջողություն է գրանցել համաշխարհային կինովարձույթում։ 2009 թվականին թողարկված առաջին ֆիլմի հասույթը կազմել է շուրջ 2,9 մլրդ դոլար։ Ֆիլմաշարի մյուս երկու թողարկված մասերը նույնպես համաշխարհային կինովարձույթում հատել են 1 մլրդ դոլարի շեմը։

