Հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը չի այցելի Երևան․ նախատեսված հանդիպումն ու համերգը չեղարկվել են
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոլիվուդյան ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնը չի այցելի Երևան։
Հանդիսատեսի հետ նրա հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Mezzo Production ընկերությունը։
«Ցավով տեղեկացնում ենք, որ Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը և դրան հաջորդող համերգը չեն կայանա։ Հասկանում ենք, թե որքան սպասված էր այս երեկոն, և անկեղծորեն ցավում ենք պատճառված անհարմարության համար», – ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերությունից հայտնում են, որ տոմսերի ամբողջ գումարն ավտոմատ կվերադարձվի գնման ժամանակ օգտագործված վճարային միջոցին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
«Լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կտրամադրենք նաև լրացուցիչ պարզաբանումներ», – ասվում է հայտարարության մեջ։
Քեմերոնն այնպիսի հայտնի ֆիլմերի ռեժիսոր է, ինչպիսիք են «Տերմինատորը», «Այլմոլորակայինները», «Տիտանիկը» և «Ավատարը»։

