«Նուբարաշեն» ՔԿՀ-ում բուժքույրը հոգեմետ դեղահաբեր է տրամադրել ազատազրկված անձին (ՖՈՏՈ)

17.11.2026, 18:06
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բուժքույրը հոգեմետ դեղահաբեր է փոխանցել ազատազրկված անձի. նա ձերբակալվել  է
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում բուժքույրը հոգեմետ դեղահաբեր է տրամադրել ազատազրկված անձին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում նախապես տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում թմրամիջոցներ և արգելված իրեր կան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից։

«Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեակատարողական ծառայողները խուզարկություն են իրականացրել նշված խցում և հայտնաբերել են դեղահաբեր և ինքնաշեն խաղաթղթեր։ Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված դեղահաբերը հոգեմետ են, և դրանք խուց է բերել Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքույրը՝ տրամադրելով դեղահաբերն օրենքով սահմանված կարգով բժշկի նշանակում չունեցող ազատազրկված անձի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բուժքույրը ձերբակալվել է «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից, իսկ նյութերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բուժքրոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։

психотропные препараты