Ավտոմեքենաների ինչ սահմանափուկմներ են քննարկվում Երևանում. Ավինյանը պարզաբանում է

17.11.2026, 15:37
Երևանում մեքենաների երթևեկության կարգավորման նպատակով քննարկվում են տարբեր սահմանափակումներ
Ավտոմեքենաների ինչ սահմանափուկմներ են քննարկվում Երևանում. Ավինյանը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում ավտոմեքենաների երթևեկության կարգավորման նպատակով քննարկվում են տարբեր սահմանափակումներ, այդ թվում՝ կենտ և զույգ համարանիշներով երթևեկության, ինչպես նաև ավտոմեքենաների բնապահպանական ստանդարտների սահմանման տարբերակները, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ այսօր Երևանում արդեն իսկ գործում են փաստացի սահմանափակումներ, որոնց քաղաքացիներն առերեսվում են հատկապես պիկ ժամերին։ Դրանք, նրա գնահատմամբ, պայմանավորված են ավտոմեքենաների մեծ քանակով, ինչպես նաև որոշ վարորդների անկանոն երթևեկությամբ և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, որոնք շղթայական խցանումների պատճառ են դառնում։

«Дուծում համար մեկ՝ հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր և տարբեր ուղղություններով կարողանա անխոչընդոտ երթևեկել՝ առավելություն ունենալով բոլոր մյուս տրանսպորտային միջոցների, մասնավորապես՝ մարդատար ավտոմեքենաների նկատմամբ», - ասել է Ավինյանը ճեպազրույցի ժամանակ։

Բացի այդ, նա նշել է, որ ավտոմեքենաների թվի ավելացումն ուղղակիորեն ազդում է նաև Երևանում NO₂ ցուցանիշների աճի վրա։ Այս համատեքստում քաղաքապետը խոսել է տարբեր վարչական շրջաններում ավտոմեքենաների բնապահպանական ստանդարտներ սահմանելու հնարավորության մասին՝ հիշատակելով Euro 3, Euro 4 և հետագայում, հնարավոր է, նաև Euro 5 չափանիշները։

«Սա չի նշանակում, որ մարդն իր ավտոմեքենայով չի կարողանալու տվյալ վարչական շրջան մտնել։ Դա նշանակում է, որ կարողանալու է մտնել ինչ-որ սահմանափակումներով, այսինքն՝ կան լուծումներ, տարատեսակ լուծումներ կենտ և զույգ համարների, տուրքի ներդրմամբ սահմանափակումները», - ընդգծել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ քննարկվող բոլոր տարբերակները կներկայացվեն հանրային քննարկման, և կընտրվեն այն լուծումները, որոնց շուրջ կլինի ընդհանուր կոնսենսուս, և որոնք կնպաստեն երթևեկության անընդհատության ապահովմանը։

Քաղաքապետն ընդգծել է, որ Երևանի երթևեկության կարգավորման լուծումները պետք է պարբերաբար վերանայվեն՝ հաշվի առնելով քաղաքի զարգացումը։

Կարդացեք նաև․ Երթևեկության խախտումների համար տուգանքները կարող են քառապատկվել․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում