Երևանում փողոցներ կանվանակոչվեն հայտնի գործիչների անուններով․ Սարալանջի մի հատվածն էլ կվերանվանվի
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցի մի հատվածը կանվանափոխվի և կկոչվի Հայաստանի ազգային հերոս, «Իզմիրլյան» հիմնադրամի հիմնադիր Տիգրան Իզմիրլյանի անվամբ։ Համապատասխան որոշումն ընդունվել է երեքշաբթի կայացած Երևանի ավագանու նիստում։
Անվանափոխվող հատվածը սկսվում է Վահրամ Փափազյան փողոցից և ձգվում մինչև Ազատության պողոտայի վերջնամաս, այնուհետև հատում է Ալ. Մյասնիկյան պողոտան, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների սահմանագծով կիսաշրջանաձև շարունակվում և հասնում Ա. Արմենակյան փողոց։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անվանափոխության առաջարկը պայմանավորված է Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Տիգրան Իզմիրլյանի ունեցած բացառիկ ծառայությունների, երկարամյա ազգանվեր գործունեության և երկրի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի արժևորման անհրաժեշտությամբ։
Նրա գործունեությունը հատկապես նշանակալի է եղել կրթության, առողջապահության, զբոսաշրջության, տնտեսական զարգացման և տեխնոլոգիական նորարարությունների ոլորտներում։
Անվանափոխության վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրենի կողմից:
Ավագանու որոշմամբ` Երևանի մի շարք նոր փողոցներ կանվանակոչվեն նաև այլ անվանի գործիչների անուններով։ Մասնավորապես՝ Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է փողոցներ անվանակոչել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի, պետական և դիվանագիտական գործիչ Կամո Ուդումյանի, ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանի անուններով։
Նոր Նորք վարչական շրջանում փողոցներ կանվանակոչվեն կոմպոզիտոր Սերգեյ Աղաջանյանի, նկարչուհի Ռեգինա Ղազարյանի, սփյուռքահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի և դերասան Վլադիմիր Մսրյանի անուններով։
Փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչման ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ հղումով։

