Տրանսպորտային միջոցների գազաբալոնները ենթակա են պարտադիր պարբերական վկայագրման․ տեսչական մարմինը հիշեցնում է ժամկետները

16.11.2026, 14:42
Տեսչական մարմինը հորդորում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին հետևել գազաբալոնների հերթական վկայագրման ժամկետներին և ժամանակին իրականացնել պարտադիր վկայագրումը
Տրանսպորտային միջոցների գազաբալոնները ենթակա են պարտադիր պարբերական վկայագրման․ տեսչական մարմինը հիշեցնում է ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին, որ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները ենթակա են պարտադիր պարբերական վկայագրման։

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 26.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման»։ Միաժամանակ, նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են բացառապես «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը», – նշված է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանված են ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 2011-Ն որոշմամբ։

Նշված որոշման հավելվածի 22-րդ կետի համաձայն՝ գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացվում է հետևյալ պարբերականությամբ՝

  • 3 տարին մեկ անգամ՝ լեգիրացված (համաձուլված) պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնների համար, եթե առկա է արտադրողի՝ պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ։ Այդ փաստաթղթի բացակայության դեպքում վկայագրումն իրականացվում է 2 տարին մեկ անգամ։
  • 2 տարին մեկ անգամ՝ ածխածնային պողպատից պատրաստված 1-ին տիպի, 2-4-րդ տիպերի և հեղուկացված նավթային գազաբալոնների համար։

Գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը ներառում է դրանց տեխնիկական վիճակի ստուգում, համապատասխան փորձարկումների իրականացում, ինչպես նաև գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկում։

«Հարկ է ընդգծել, որ սահմանված ժամկետներում գազաբալոնների պարբերական վկայագրում չիրականացնելը կարող է վտանգել տրանսպորտային միջոցի անվտանգ շահագործումը՝ հնարավոր վտանգ ստեղծելով ինչպես վարորդի և ուղևորների, այնպես էլ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմինը հորդորում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին հետևել գազաբալոնների հերթական վկայագրման ժամկետներին և ժամանակին իրականացնել պարտադիր վկայագրումը՝ օգտվելով բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ծառայություններից։

Գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնելու համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը հրապարակված է լիազոր մարմնի պաշտոնական կայքում։