Երեխան պետք է դպրոց գնա այնտեղ, որտեղ կարող է ոտքով հասնել․ Ավինյանը խցանումների լուծման առաջարկներ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում խցանումների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է քննարկել մարդատար ավտոմեքենաների քանակի սահմանափակման, քաղաքի տարբեր գոտիների բաժանման և դպրոցների հասանելիության կարգավորման հնարավորությունները։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ Երևանի երթևեկության խնդիրները պայմանավորված են մի քանի գործոններով, որոնցից հիմնականը քաղաքում մարդատար ավտոմեքենաների թվի շարունակական աճն է։
«Երևան քաղաքում մարդատար ավտոմեքենաների քանակը էքսպոնենցիալ աճում է տարեցտարի, չկան սահմանափակումներ ավտոմեքենաների համար։ Առաջին հարցը, որ մենք պետք է քննարկենք, Երևան քաղաքում երթևեկող ավտոմեքենաների հենց բուն քանակային սահմանափակումն է»,– նշել է Ավինյանը։
Նա որպես խցանումների պատճառներից մեկը նշել է նաև վարորդների երթևեկության մշակույթը։
«Մեր «փնթի» վարելու մշակույթն այլևս անհանդուրժելի է, որովհետև ավտոմեքենաների այս մեծ քանակի պայմաններում յուրաքանչյուր խախտում շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան 10 տարի առաջ»,– ասել է քաղաքապետը։
Ավինյանն անդրադարձել է նաև Պարեկային ծառայության պարտականություններին՝ նշելով, որ ծառայության վրա ավելացվել են բազմաթիվ լրացուցիչ գործառույթներ, որոնք պետք է վերանայվեն, որպեսզի պարեկները կենտրոնանան իրենց հիմնական՝ ճանապարհային երթևեկության կարգավորման աշխատանքի վրա։
Քաղաքապետի խոսքով՝ երթևեկության կարգավորման հնարավոր լուծումներից են Երևանի տարբեր գոտիների բաժանումը, ավտոբուսների համար առանձնացված գծերի ներդրումը, ինչպես նաև երթևեկության վրա ազդող այլ կարգավորումներ։
Նա առաջարկել է քննարկել նաև դպրոցների ընտրության հարցը՝ նշելով, որ երեխաները պետք է հաճախեն իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցներ։
«Եթե դու բնակվում ես Նոր Նորքում և որոշում ես այնուամենայնիվ, որ դպրոցը լավն է Մալաթիա-Սեբաստիայում, արդյոք պետությունը քեզ այդ հնարավորությունը պետք է տա։ Ես կարծում եմ՝ ոչ, որովհետև երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել, և սա շատ կարևոր պայման է», - ասել է քաղաքապետը։
Ավինյանն ընդգծել է, որ երթևեկության ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է նաև մարզերում աշխատատեղեր ստեղծել՝ հաշվի առնելով, որ Երևանում աշխատատեղերի կենտրոնացումը մեծացնում է դեպի մայրաքաղաք մարդկանց տեղաշարժը։
Նա հայտնել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ամփոփել առաջարկվող միջոցառումների իրականացման հնարավոր փուլերը՝ հետագայում դրանք հանրային քննարկման ներկայացնելու համար։

