Կասեցվել է հայտնի ընկերության թթվասերի արտադրամասի գործունեությունը (ՖՈՏՈ)

16.11.2026, 11:46
Ստուգմամբ արձանագրվել է, որ թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը. ՖՈՏՈ
Կասեցվել է  հայտնի ընկերության  թթվասերի արտադրամասի  գործունեությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել Շիրակի մարզի գյուղ Ազատան 54/6 -ում գտնվող «Իգիթ» ՍՊ ընկերությանը պատկանող թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին:

Ստուգմամբ արձանագրվել է, որ թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը:

Այսպես՝

- արտադրամասի հատակների մակերևույթների մի մասը եղել են ոչ պատշաճ վիճակում, ինչը հնարավորություն չի տալիս դրանք հեշտորեն լվանալ և ախտահանել,

- առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

- արտադրանքի պատրաստման գործընթացում օգտագործվել են տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնց մի մասը պատրաստված չի եղել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանություններ ստանալու համար դիմել է «Իգիթ» ընկերությանը։