ՆԳՆ-ն բացատրել է, թե ինչու չի կարելի ժպտալ կենսաչափական անձնագրի լուսանկարում
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի համար լուսանկարվելիս անհրաժեշտ է պահպանել դեմքի չեզոք արտահայտություն, փակ պահել բերանը և նայել ուղիղ տեսախցիկին, հայտնում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Գերատեսչությունից բացատրում են, որ կենսաչափական համակարգը դեմքի նույնականացման համար հաշվի է առնում դեմքի հիմնական կետերի և դրանց միջև եղած հեռավորությունների առանձնահատկությունները։
«Երբ ժպտում ենք, փոխվում են դեմքի որոշ հատվածների դիրքերն ու համամասնությունները․ բարձրանում են այտերը, լայնանում է բերանը, փոքր-ինչ նեղանում են աչքերը։ Իսկ չեզոք դեմքի արտահայտությունը հնարավորություն է տալիս ապահովել դեմքի առավել ճշգրիտ նույնականացում», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգը։ Կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է, ID քարտինը՝ 5 950 դրամ, իսկ փաստաթղթերի պատրաստման ժամկետը՝ 14 աշխատանքային օր։ Դիմելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել HayPass.am հարթակում։ Նախկինում տրամադրված վավեր փաստաթղթերը շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը, և դրանք պարտադիր փոխարինելու անհրաժեշտություն չկա։

