ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է
16.11.2026,
19:35
Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով շարունակում են ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով շարունակում են ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։
Այս մասին հայտնում է ՆԳՆ Կիբեռոստիկանությունը։Ինչպես հայտնում են գերատեսչությունից, դրանք հիմնականում ուղարկվում են օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող հղումներ, որոնց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել անձնական և բանկային տվյալներ՝ գումար հափշտակելու նպատակով։
ՆԳՆ-ն հորդորում է.
-Մի՛ բացեք կասկածելի հղումները։
-Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։
-Արգելափակեք ուղարկողին և հաղորդագրությունը նշեք որպես անցանկալի (Spam/Junk)։
-Տվյալների փոխանցման կամ կասկածելի գործողությունների դեպքում անմիջապես կապ հաստատեք բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։
ՆԳՆ-ն հիշեցնում է, որ պետական մարմնի անվանման օգտագործումը չի նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։ Տեղեկատվությունը ստուգեք միայն պաշտոնական աղբյուրներով։

