«Ես էլ ունեմ այդ նյարդը»․ Ավինյանն արձագանքել է Աննա Հակոբյանի՝ Երևանի խցանումների մասին քննադատությանը

17.11.2026, 13:48
«Շենքերը չեն ստեղծում խցանումներ»․ Ավինյանը պատասխանել է Աննա Հակոբյանի քննադատությանը
«Ես էլ ունեմ այդ նյարդը»․ Ավինյանն արձագանքել է Աննա Հակոբյանի՝ Երևանի խցանումների մասին քննադատությանը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի՝ խցանումների վերաբերյալ քննադատություններին և դրա ծուրջ առաջացած քննարկումներին` նշելով, որ այդ հարցի շուրջ հանրային դժգոհությունը բնական է, և ինքն էլ ունի այդ մտահոգությունը։

Ավինյանն անդրադարձել է ընդդիմադիրների՝ «Ի՞նչ են ձեզնից ուզում կառավարությունից» հարցադրումներով խոսակցությունններին։

«Ենթադրում եմ տիկին Հակոբյանի ելույթին են հղում անում մեր գործընկերները։ Իրականում, ժողովուրդ ջան, այս թեմաները բարձրաձայնվում են տարբեր հարթակներում։ Բարձրաձայնվել են Ազգային ժողովում, բարձրաձայնվում են ամեն օր Facebook-ում։ Եվ այո, բնական նյարդ կա թեմայի վերաբերյալ, և այս բնական նյարդն ունեն բոլորը։ Ասեմ ձեզ ավելին, ես էլ ունեմ այդ նյարդը այս թեմայի վերաբերյալ»,- ասել է Ավինյանն ավագանու նիստում։

Նրա խոսքով՝ կարևոր է նախ արձանագրել խնդրի առկայությունը, ապա անցնել լուծումների և քննարկումների փուլին։ Քաղաքապետը
նշել է, որ ցանկանում է, որպեսզի հնարավոր լուծումներն անցնեն նաև հանրային քննարկման փուլերով։

Խցանումների լուծման ուղղությունները

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է փաստերի և փաստարկների հիման վրա հասկանալ, որ խցանումների պատճառը մարդատար ավտոմեքենաների թվի աճն է, վարելու մշակույթը, թե հանրային տրանսպորտին արտոնություն տալու անհրաժեշտությունը։

«Եթե մենք ունեցանք այս հարցերում կոնսենսուս, ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք կունենանք նաև կոնսենսուս, երբ քննարկենք փաստացի լուծումները»,– ասել է քաղաքապետը։

Նրա խոսքով` լուծումները երեք հիմնական ուղղություն կունենան՝ ավտոբուսների համար գծերի ամբողջական առանձնացում, մարդատար ավտոմեքենաների նկատմամբ առողջապահական հիմքով սահմանափակումների կիրառում և երթևեկության վրա ազդող խախտումների նվազեցման մեխանիզմների գործարկում։

Անդրադառնալով շինարարության և խցանումների կապին՝ Ավինյանը նշել է, որ 2021թ․ին տրվել է բնակելի շենքերի, համալիրների ռեկորդային՝ 108 թույլտվություն, իսկ այսօր փաստացի շահագործման ենք հանձնում այն շենքերը, որոնց շինթույլտվությունը այդ տարիներին է տրվել։

Նրա խոսքով՝ շինարարությունը տնտեսական աճին և պահանջարկին սպասարկող ածանցյալ ոլորտ է, և խցանումների պատճառը ոչ թե շենքերն են, այլ ավտոմեքենաները։

«Շենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներ»,– ասել է Ավինյանը։

Աննա Հակոբյանի հայտարարությունը

Ավելի վաղ Աննա Հակոբյանը Facebook-յան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում դժգոհել էր Երևանի երթևեկության վիճակից։ Նա հարց էր բարձրացրել, թե ինչպես պետք է լուծել խցանումների խնդիրը՝ տնտեսական աճի, նորակառույց շենքերի, բնակչության, ավտոմեքենաների և զբոսաշրջիկների թվի աճին զուգահեռ։

Հակոբյանը նշել էր, որ ինքը պարտավոր չէ իմանալ այդ հարցի պատասխանը, սակայն կան մարդիկ, որոնց համար դրա լուծումը աշխատանքային պարտականություն է։ Նա նաև քննադատել էր միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինարարական թույլտվություններ տրամադրելու գործընթացը՝ ընդգծելով, որ նոր շենքերի կառուցմանը զուգահեռ պետք է մտածել նաև ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման մասին։

Կարդացեք նաև․ Երևանում ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակումների տակ․ Ավինյանը պարզաբանում է